Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Գազայում հրադադարի հաստատելու մասին համաձայնագիրը, որը պետք է ապահովի պատանդների և գերիների ազատ արձակումը։ Այս մասին նշված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմերի պատանդների և գերիների ազատ արձակումը»,-նշված է գրառման մեջ։

ԱԳ նախարարությունը նաև հույս է հայտնել, որ համաձայնագիրը կարևոր նշանակություն կունենա ինչպես պաղեստինցի, այնպես էլ հրեա ժողովուրդների և տարածաշրջանի համար։

«Հույս ենք հայտնում, որ այն կարևոր նշանակություն կունենա Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների անվտանգության երաշխավորման և Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանում համապարփակ խաղաղության և կայունության ճանապարհ հարթելու համար»,- ընդգծված է ՀՀ ԱԳՆ-ի գրառման մեջ:

ՀՀ ԱԳ նախարարությունը հրադադարի հաստատման հարցում նաև բարձր է գնահատել միջնորդ երկրների՝ Միացյալ Նահանգների, Կատարի և Եգիպտոսի ջանքերը։

«Բարձր է գնահատվում միջազգային համայնքի՝ հատկապես ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրել են այս նշանակալի հանգրվանին»,-նշված է գերատեսչության գրառման մեջ:

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հրադադարի մասին հաղորդվել է հունվարի 15-ին։ Հրադադարի համաձայնագրի կնքման համար միջնորդ են հանդիսացել Կատարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ն։

Համաձայնագիրը պետք է վերջ դնի 15 ամիս տևած ռազմական գործողություններին. նախնական հրադադարը նախատեսում է 6 շաբաթվա ընթացքում Գազայի հատվածից իսրայելական զորքերի աստիճանաբար դուրսբերում, ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների փոխանակում Իսրայելում գտնվող պաղեստինցի բանտարկյալների հետ։ 

Դոհայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Կատարի վարչապետ Շեյխ Մոհամեդ բին Աբդուլռահման ալ Թանին հայտարարել է, որ հրադադարն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։ 




Լրահոս