Կմեկնարկի Ուսանողական ոսկե ծիրան կինոփառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 30-ին` ժամը 14:30-ին, ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում (6-րդ հարկ, 603 սենյակ) տեղի կունենա “Ուսանողական ոսկե ծիրան” ծրագրի բացման արարողու-թյունը: “Ուսանողական ոսկե ծիրան” կինոփառատոնի շրջանակներում ԵՊՀ կինոակումբը և “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնը համատեղ իրականացնում են փառատոնի լավագույն ֆիլմերի ցուցադրություն ուսանողների համար: Ծրագիրը, որը կազմակերպվում է առաջին անգամ, իրականացվում է հայաստանյան մի քանի բուհերում ևս: Ընտրված են բուհեր, որտեղ ուսումնասիրվում են օտար լեզուներ, քանի որ ֆիլմերը ցուցադրվելու են բնագրերով: ԵՊՀ-ում այս ծրագրի շրջանակներում մինչև դեկտեմբեր ամսվա վերջը ցուցադրվելու է  երեք ֆիլմ` յուրաքանչյուր չորեքշաբթի  ժամը 14:30-ին, իսկ ֆիլմերի ցուցադրությունը կվերսկսվի արդեն փետրվար ամսին հաջորդ ուսումնական կիսամյակի սկսվելու հետ միասին: Բացման հանդիսավոր արարողությունից հետո կցուցադրվի դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի “Մելանխոլիա” ֆիլմը (136 րոպե): Դեկտեմբերի 7-ին կցուցադրվի ֆրանսիացի  Բրունո Դյումոնի “Ֆլանդրիա” ֆիլմը, իսկ 14-ին` Ասղար Ֆարհադի “Նադեր և Սիմին. ամուսնալուծություն” (բնագրի լեզուն պարսկերեն): Միջոցառմանը ներկա կլինեն “Ոսկե ծիրան”-ի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոգետներ և հյուրեր: Այս ծրագիրը ԵՊՀ կինոակումբի արդեն երրորդ նախաձեռնությունն է, որը ԵՊՀ ուսանողներին հնարավորություն է տալիս դիտել ոչ միայն հայկական կինոարվեստում նկարահանված նոր ֆիլմերը, այլ նաև միջազգային բազմաթիվ ֆիլմեր: Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա նաև քննարկում: 




Լրահոս