Այսօր Ադրբեջանում սկսվել են Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:
Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով: Չնայած իր գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը առանձին դիտարկել: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի դատարանը 10 օր ժամանակ է տվել նրան ուսումնասիրելու նյութերը։
Բաքվում հայ գերիների դատավարության ընդհանուր գործի քննությունը հետաձգվել է մինչև հունվարի 21-ը, իսկ Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը կշարունակվի հունվարի 27-ին։