Հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը՝ կռվախնձոր ՔՊ-ական կանանց համար․ ովքեր են մտադիր առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրեց առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին։ Նշենք, որ վերջիիս պաշտոնավարման ընթացքը բավականին սկանդալներով է ուղեկցվել։

Նախարար եղած ժամանակ «Covid-19»-ի դեմ պայքարի ընթացքում Առողջապահության նախարարության աշխատակիցների իրականացված յուրացումների, ոչ արդյունավետ ծախսերի վերաբերյալ լուրեր էին շրջանառվում Թորոսյանի շուրջ: Յուրացումների փաստով քրեական գործ էր հարուցվել, կալանավորել էին նախարար Թորոսյանի տեղակալին, այլ պաշտոնյաների: Արսեն Թորոսյանի՝ Հանձնաժողովի նախագահ ընտրվելուց հետո թափուր է մնում նրա տեղակալի՝ Հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո իր թիմակիցներին հայտնել է՝ փոխնախագահի պաշտոնից հեռանալու մասին։ Հիմա փաստորեն այդ պաշտոնը, այսպես ասած, ազատ է մնում, մինչև նոր թեկնածուներ առաջադրվեն և ՔՊ-ն հանձնաժողովի փոխնախագահ ընտրի։
ArmLur.am-ն ավելի վաղ գրել էր, որ այս պաշտոնը կռվախնձոր է դարձել ՔՊ-ական կանանց համար։ Հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի համար պայքարում են ՔՊ-ական պատգամավորներ Էմմա Պալյանը եւ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին բուժքույր Հռիփսիմե Հունանյանը։
ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Էմմա Պալյանը խմբակցությունում ասել է, որ մտադիր է ինքնաառաջադրվել՝ որպես հանձնաժողովի փոխնախագահ ու հենց այդ հաշվարկով էլ նա Արսեն Թորոսյանին առաջադրել է նախագահ, որպեսզի Թորոսյանն էլ իրեն պաշտպանի՝ փոխնախագահ դառնալու համար:

Մինչդեռ, խմբակցության մեծ մասը այդ պաշտոնում ցանկանում է առաջադրել Հռիփսիմե Հունանյանին, որը գոնե բուժքույր է եղել, եւ քիչ թե շատ փորձ ունի բժշկական ոլորտում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս համաձայնել է առաջադրվել Արսեն Թորոսյանի հնարավոր տեղակալի պաշտոնում՝ մեկ պայմանով, եթե Էմմա Պալյանը չառաջադրվի, քանի որ ինքը, ինչպես հայտարարել է, չի պատրաստվում մրցել Պալյանի հետ, որը Ալեն Սիմոնյանի «մարդն» է այդ հանձնաժողովում:
ArmLur.am-ի հետ զրույցում Էմմա Պալյանն ասաց, թե դեռ որոշում չունի՝ առաջադրվելու է Արսեն Թորոսյանի տեղակալաի պաշտոնում, թե՝ ոչ․
«Այդ թեմայով դեռ նիստ չենք արել, փոխնախագահի պաշտոնի հետ կապված որոշում չկա։ Քանի պահը չի եկել խոսելու, առաջադրումների փուլում չենք, չեմ կարող ոչինչ ասել, հենց լինի կհայտնեմ իմ որոշման մասին»,-ասաց Պալյանը։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս