Եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ ոք զենք չի վաճառի․ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչու բարեփոխումները մինչև վերջ չեն պատրաստվում, նոր սկսում գործարկվել»․ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս հարցին։ Նա նշեց․

«Բոլոր բարեփոխումներն էլ պատրաստվում են․ նախագծերն ասում են, որ բարեփոխումը պատրաստ է, բայց կյանքը միշտ ուրիշ բան է ասում․ նախագիծը պետք է հանդիպի կյանքին, որ ծնվի, պետք է պրոբլեմին հանդիպի։ Ոչ մի նախագծում նախագծված չէ, որ ինչ-որ սարք չի աշխատելու, բոլոր նախագծերում սարքերն աշխատում են իրական ու լավ, հետևաբար նախագիծը պիտի մտնի կյանք, որ թերությունները տեսնենք ու լուծելով կամաց-կամաց գնանք առաջ»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով «Արագած – Արարատ», «նոր օրհներգ – հին օրհներգ» քննարկումներին, հարցին՝ արդյոք այդ քննարկումները ժամանակավրեպ չեն, ճիշտ չի՞ լինի դրանք օրակարգ բերել, երբ մեր անվտանգային խնդիրները լուծված լինեն, վարչապետը նշեց,

«Հենց թեկուզ բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը, որովհետև եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ միայն ոչ ոք զենք չի վաճառի, ռազմական համագործակցություն չի հաստատի, այլև մենք ինքներս մեզ, այդ թվում՝ միջազգային հանրության տեսակետից, կդարձնենք թիրախ։ Ուրիշ բան է, որ ասում ես բանակը բարեփոխում եմ, որովհետև Արարատը իմն է, պիտի գնամ, հետ բերեմ, այլ բան է՝ երբ ասում ես՝ բանակը բարեփոխում եմ, որովհետև Արագածը իմ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն է, և ես իրավունք ունեմ ունենալ մարտունակ բանակ իմ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, իմ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, ավելին՝ միջազգային օրենքներով ցանկացած պետություն պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»։

Փաշինյանը շեշտեց՝ Արարատի դիսկուրսի ներքո մենք չենք կարող ժամանակակից զենքեր գնել, մեզ կտան գրեթե ժամկետանց, օգտագործված զենքեր, մի մասը կնվիրեն, մի մասը կվաճառեն, քանի որ մեկ է՝ «դեն էին գցելու», ինչն էլ տարիներ շարունակ տեղի է ունեցել, և այս խոսույթի ներքո մենք ամեն օր կկորցնենք մեր անկախությունը՝ առանց դա նկատելու, հայրենասիրական մղումներով։

«Եթե մեր խոսույթն էն լինի, որ Արարատի նկարով գնանք, ասենք՝ զենք տվեք, ոչ ոք չի տալու, որովհետև ոչ մեկը չի ուզում առավել ևս մեր պատճառով Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնել»,- ասաց նա։




Լրահոս