ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Microsoft կորպորացիան հետաքրքրված է կարճ տեսանյութերի ստեղծման եւ դիտման TikTok սերվիսի ձեռքբերմամբ չինական ByteDance կորպորացիայից։
«Ես դրական կպատասխանեի»,- ասել է նախագահը, երբ նրան հարցրել են TikTok-ը գնելու վերաբերյալ Microsoft-ի շահագրգռվածության մասին Սպիտակ տան մամուլի ծառայությունում, որը հունվարի 27-ին տարածել է նրա խոսքերը: «TikTok-ի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա»: Թրամփը չի բացահայտել ամերիկյան այլ ընկերությունների անունները, որոնք հետաքրքրված են ծառայության ձեռքբերմամբ։
CNBC հեռուստաընկերության տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմն ընտրում է պոտենցիալ հայտատուների՝ TikTok-ի բաժնետոմսերի 50 տոկոսի գնման համար։ Հիմնական հավակնորդներն են SpaceX-ի, Tesla-ի եւ X-ի սեփականատեր Իլոն Մասկը եւ Oracle-ի ղեկավար Լարի Էլիսոնը։
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը 2024թ. օրենք էր ստորագրել, որը չինական ByteDance կորպորացիային պարտադրում էր մինչեւ հունվարի 19-ը վաճառել կամ դադարեցնել TikTok-ի գործունեությունը Միացյալ Նահանգներում։ Թրամփը հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո հրամանագիր է ստորագրել, որով նախատեսվում է հետաձգել այս հարթակի արգելափակումը երկրում։ Հանրապետականը լրագրողներին ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է ունենա TikTok-ի կեսի իրավունքը, սակայն չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ է դա նշանակում։