Քեսաբում մնացած հայերին տեղափոխել են Թուրքիա (տեսանյութ). ԳԱԼԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինված խմբավորումները Քեսաբում մնացած  տասնյակ տարեց  քեսաբահայերի   տեղափոխել են Թուրքիա: Այսպիսի տեղեկություն է հայտնում www.yerakouyn.com-ը՝  ներկայացնելով նաև տեսանյութ:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը  հաստատել է այս տեղեկությունը. «Եկան զինյալները, նրանց հանին՝ դրին Թուրքիո տարին»,- նշել է Վազգեն Չափարյանը՝ ավելացնելով, որ դա մեկնաբանվում է որպես նրանց անվտանգության ապահովմանը ուղղված քայլ:

Հիշեցնենք՝  մարտի 21-ի առավոտյան սիրիական Քեսաբ քաղաքը լայնամասշտաբ հարձակման էր ենթարկվել երկրի ընդդիմության զինված ավազակախմբերի կողմից։ Երկու խոշոր ահաբեկչական խմբավորումներ ներխուժել էին Սիրիա Թուրքիայի տարածքից։ Քեսաբի բնակչության մեծ մասը տարհանվել է Լաթաքիա և  ապաստան գտել Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Մի քանի տարեց քեսաբահայեր, սակայն, մնացել էին Քեսաբում, և ամենայն հավանականությամբ հենց նրանց են տեղափոխել Թուրքիա:  Հարկ է նաև նշել, որ ըստ տեսանյութի մեկնաբանությունների՝ վերջիններիս Թուրքիա են տեղափոխել իրենց կամքին հակառակ, քանի որ նրանց պարտադրվել է նաև գլխաշորեր հագնել:

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը  ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է, որ ԱԳՆ ստուգում է այս տեղեկությունը և դեռևս այս թեմայով որևէ մեկնաբանություն չի կարող տալ:




Լրահոս