Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները հավանություն են տվել 49 ընդդիմադիր պատգամավորների՝ մանդատներից հրաժարվելու հայտերին՝ օրենսդիր մարմնի պատգամավորների քանակը 150-ից պաշտոնապես նվազեցնելով 101-ի։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia լրատվական գործակալությունը։
Դիմումները ներկայացրել են «Լելոն հանուն Վրաստանի», «Միասնություն-Ազգային շարժում» և «Կոալիցիա հանուն փոփոխությունների» ընդդիմադիր քաղաքական ուժերի բոլոր անդամները:
«Ընդդիմությունը չի կարող անընդհատ անհարգալից վերաբերմունք դրսևորել իր ընտրողների նկատմամբ, հրաժարվել խորհրդարանական աշխատանքներին մասնակցելուց և այս ամենն օգտագործել որպես շանտաժի գործիք»,- հայտնել է «Վրացական երազանք» խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն։
Վերոնշյալ քաղաքական ուժերն օրենսդիր մարմին են մտել 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ բոլորը միասին ստանալով ընտրողների ձայների 30,01%-ը (623,3 հազար ձայն)։
Ավելի վաղ նրանք դիմել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով և չեղարկել իրենց ընտրական ցուցակները, ուստի ընտրված ընդդիմադիր պատգամավորներին անհնար կլինի փոխարինել ցուցակի հաջորդ թեկնածուներով, իսկ պատգամավորների թիվը կմնա կրճատված։
Միակ խորհրդարանական ընդդիմադիր ուժը մնում է նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը, որը մյուսների նման ևս չի ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում է աշխատել խորհրդարանում։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2024 թվականի հոկտեմբերին։ Բոլոր չորս ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են ճանաչել արդյունքները՝ դրանք անվանելով ոչ լեգիտիմ և կեղծված: