Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին դատապարտեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։
Դատարանը նրան մեղավոր ճանաչեց զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։
Դատախազությունը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն դատարանը մեղմեց պատժաչափը՝ նշանակելով 5 տարի 6 ամիս ազատազրկում։
Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր 2020 թվականի հոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ, ինչը, ըստ մեղադրանքի, հանգեցրել է ծանր հետևանքների։
Ըստ քրեական գործի՝ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են «Ցորի» զորամասի Դ20 դիվիզիոնի վրա, սակայն դիվիզիոնի հրամանատարության կողմից տրված ահազանգին ի պատասխան՝ Հարությունյանը, ըստ գործի նյութերի, հայտնել է, թե մոտեցողները «յուրայիններ» են։
Ջալալ Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը։
Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Դատավճիռը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։