Մակրոնը կոչ է արել հարգել Գազայի բնակիչների՝ սեփական հողում ապրելու ձգտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հարկավոր է հարգել Գազայի հատվածում ապրող պաղեստինցիների և նրանց հարևանների ցանկությունները և դեմ է արտահայտվել Գազայի հատվածը երկարաժամկետ սեփականացնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը։ Այս մասին Մակրոնն ասել է CNN-ին տված հարցազրույցում։

«Մենք ունենք հրադադար։ Մենք պետք է այն պահպանենք, մենք պետք է վերականգնենք հումանիտար գործողությունները, պետք է փրկենք հնարավորինս մեծ թվով մարդկանց։ Բայց հիմա ճիշտ պատասխանն անշարժ գույքի գործողությունը չէ։ Սա քաղաքական գործողություն է։ Սա ամայի տարածք չէ, սա մի վայր է, որտեղ երկու միլիոն մարդ է ապրում և ցանկանում է ապրել…. Չի կարելի երկու միլիոն մարդու ասել՝ հիմա դուք պետք է հեռանաք», – ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է Գազայի հատվածի համար քաղաքական լուծում գտնել, որը հարգում է Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետություն ունենալու ցանկությունը։ Նա նաև կոչ է արել հարգել Եգիպտոսի և Հորդանանի ինքնիշխանությունը, որոնք չեն ցանկանում իրենց տարածքում ընդունել Գազայից տեղահանված պաղեստինցիներին։

Արաբական երկրները, Իրանը և արևմտյան պետությունների մի մասը դեմ են արտահայտվել ԱՄՆ ղեկավարի գաղափարին։




Լրահոս