Գերազանցիկ մարզպետն ու իր չարաշահումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես մերօրյա գրեթե բոլոր ազդեցիկ պաշտոնյաները,  այս պաշտոնյան էլ Հանրապետական կուսակցության անդամ է, նժդեհյան գաղափարախոսության ջահակիր:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը «ամենաերկարակյաց» մարզպետերից է, և ըստ շրջանառվող լուրերի` նա իրաթոռին ամուր կառչած է մնում նաև անբացատրելի հմայքի ու բոլորին (հիմնականում վերադասին) հատուկ ժպիտներ շռայլելու շնորհիվ:

Վաստակաշատ մարզպետի պաշտոնավայրն իր ծննդավայր Իջևանն  է: Ա. Ղուլարյանը ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը և  ստանալով ճարտարապետի մասնագիտություն` հետագայում տեղը տեղին նախագծել է իր հետագա կենսագրությունը` մշտապես զբաղեցնելով բարձր պաշտոններ:

1999 թվականից մինչ օրս նա իր գործունեության պիկում է` իբրև հայրենի եզերքի մարզպետ: Ինչպես որոշ մարզպետեր, նա ևս ունի զինվորական կոչում` ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է:

Ղուլարյանը շատ ճկուն քաղաքականություն է վարում գրեթե բոլոր ոլորտներում: Թերևս դա է պատճառը, որ երբ  2009թ-ին  կառավարությունն, ըստ հաստատված չափանիշների, գնահատեց  մարզպետերի աշխատանքը, պարզվեց, որ առավելագույն միավորներ է հավաքել Տավուշի մարզը և, փաստորեն, Արմեն Ղուլարյանն էլ դարձել է «գերազանցիկ» մարզպետ:

Ուշագրավն այն է, որ մարզպետերի աշխատանքի գնահատողները եղել էին ՀՀ նախարարություններն ու կառավարությանն առընթեր որոշ  օղակներ` ոստիկանություն, ԱԱԾ, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:

Թե ինչ կերպ է կարողացել Ա.Ղուլարյանը շահել այդ կառույցների    համակրանքը, իրեն է հայտնի, բայց որ Տավուշի բնակիչները «անշնորհակալ»  ժողովուրդ են, ամենևին չեն ոգևորվել իրենց մարզպետի 93.51 միավորից և անընդհատ դժգոհում են իրենց դժվար ապրուստից, միանշանակ է:

Օրինակ`  Բերդ և Նոյեմբերյան  քաղաքների  բնակիչների հետ զրույցներում հաճախակի կարելի էր  լսել. «Մեզ համար ոչ լավ բան ա արել, ոչ վատ: Կարողա իրա հարազատ իջևանցիների համար մի բան արելա»:

Այսպես թեականով էլ մարդը  աշխատում է և շարունակում իր գործունեությունը: Նրա հարաբերությունները  շատ ջերմ են մնում  բոլոր  ժամանակների  վարչապետերի հետ, փաստորեն,բոլորի հետ էլ  վարպետորեն  կարողանում է իր գործն առաջ տանել: Ակամա հիշում ես  «Խաղաղ Դոն» ֆիլմը, երբ իշխանություններն անընդհատ  փոփոխվում են, իսկ  ծերուկ կազակն ամեն  անգամ փոխում է իր գլխարկը, որպեսզի յուրային համարվի:

Արմեն Ղուլարյանին ոչ մի  դիտողություն, էլ չենք ասում նկատողություն,  չի սպառնում: Նույնիսկ  այն ժամանակ, երբ հեկտարներով գլխատվել են Տավուշի անտառները, նա երբևէ պատասխանատվության  չի ենթարկվել: Ինչքան էլ ուզում է աղմկեն բնապահպանները, միևնույն է, Տավուշի մարզպետի կարգավիճակը դրանից չի փոխվում:

Քննադատությունն էլ  զարմանալիորեն շրջանցում է նրան: Անգամ, երբ վրացիները  «կսմթելով»  խլում են  Տավուշի հողերը, ոչ ոքի մտքով չի էլ անցնում մեղադրանքի սլաքն ուղղել  մարզպետի կողմը:  Նրա  գործերն ընթանում են  սահուն ու բնականոն հունով:  Կարծես թե  այդպես էլ պետք է  լինի, և այս մարզից  դժգոհության ոչ մի ալիք չպետք է հասնի  վերադասի ականջին:

Մինչդեռ, օրինակ, ՀՀ  բնապահպանության նախարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել, երբ  փետրվար ամսին «Հայանտառի»  Ճամբարակի անտառտնտեսության  թիվ 11  անտառամասից մի քաղաքացի ապօրինի ծառեր էր հատել:  Վերջինիս  դեմ  նաև քրեական գործ  հարուցվեց:

Այդուհանդերձ, Ա.Ղուլարյանն իր մարզպետության երկարուձիգ տարիներին հասցրել է բազմաթիվ չարաշահումներ ու խախտումներ թույլ տալ: ԱԺ Վերահսկիչ պալատը  ապօրինության բազմաթիվ  դեպքեր է արձանագրել  Տավուշի  մարզում:

Օրինակ` հսկիչ չափագրումների արդյունքում կատարողականներով ցույց են տրվել և հաստատվել վճարված, սակայն փաստացի չկատարված շինարարական աշխատանքներ, որոնց ծավալային հավելագրումները  կազմել են  63 մլն 421.9 հազ. դրամ:

Ա.Ղուլարյանը լավ գիտի իր «գինը», և թերևս այդ  պատճառով էլ սխալ  հաշվարկված նախահաշվային գումարի արդյունքում 14 մլն 559.7 հազար դրամի աշխատանքների թանկացում է կատարվել:

Ու եթե  մարզի ղեկավարը մեծ ուշադրություն է դարձնում իր իմիջին,  ապա նրա հեչ պետքն էլ չի եղել, երբ անորակ կատարված աշխատանքների գումարը կազմել է 20 մլն 115.9 հազ դրամ:

Մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը անհրաժեշտ վերահսկողություն և հետևողականություն չի ցուցաբերել թերությունները և խախտումները կանխելու ուղղությամբ:

Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել մարզի վարչական սահմաններում  գործող հանքարդյունահանողների կողմից հողօգտագործման օրինականությունը ապահովելու, հէկ-երի կառուցապատման համար տրամադրված հողամասերը նպատակային օգտագործելու ուղղությամբ:

Այս և նմանատիպ անհաշիվ չարարաշահումներ են կատարվել մարզպետարանի հարկային, առողջապահական, սոցիալական  ոլորտներում,  բայց դա  չի խանգարում,  որ մարզպետը նույն ոգով ու նույն  ժպիտով  շարունակի իր գործունեությունը:

Այստեղ  հարկ է արժանին մատուցել նաև նրա անկեղծությանը.  երբ  կառավարությունը   տնտեսական ճգնաժամի  պայմաններում  առաջարկել էր  կրճատել  մարզպետերին տրվող վառելանյութի գումարը, Ղուլարյանը  հանդես էր եկել ինքնախոստովանությամբ և ազնվորեն հայտարարել էր. «Թող կրճատեն, մենք  էլ կսկսենք  ծառայողական մեքենաները   քիչ  ծառայեցնել  սեփական կարիքների համար»:

Մեկնաբանությունները թողնելով ընթերցողին` նկատենք, որ  Ղուլարյանը  մեծ  հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը Տավուշի մարզում `  մնալով  «գերազանցիկ» մարզպետ:

ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս