Հիվանդը բժշկին պատասխանատվության կկանչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 21-ին Մուրացանի զինվորական կլինիկական հիվանդանոցում վիրահատված Գեղամ Խաչատրյանը հետվիրահատական լուրջ խնդիրներ ունի, ինչում մեղադրում է իրեն վիրահատած բժշկուհի Մարգարիտա Հովհաննիսյանին:

Նա պատրաստվում է վերջինիս պատասխանատվության կանչել դատական կարգով: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում ասաց ինքը Գեղամը:

Բժշկուհին վիրահատել է Գեղամ Խաչատրյանի ձախ ականջի թքագեղձի փափուկ հյուսվածքի վրա առաջացած ուռուցքը, ընդամենը մեկ օր անց հիվանդին թույլ է տվել տուն գնալ, ինչից հետո էլ սկսվել են նրա տանջանքները:

«Այսքան ժամանակ սպասել եմ` մտածելով, որ հարցին դրական լուծում կտրվի, սակայն դեռ քաշքշուկների մեջ եմ, բժշկական հետազոտությունների համար օրական զգալի գումարներ եմ ծախսում»,- ասաց Գեղամ Խաչատրյանը` հավելելով, որ ինքը վիրահատվելու մտադրություն ընդհանրապես չի ունեցել և ծանոթների խորհրդով գնացել է ընդամենը հետազոտման:

Գեղամ Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախևառաջ դիմելու է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, իսկ թե այնտեղից իր դիմումն ուր կուղղարկեն, չի պատկերացնում:

«Ես ուրիշ ելք չունեմ, արդեն կիսատ, դեղերի ազդեցության տակ ապրող մարդ եմ դարձել: Ինչքա՞ն թմրանյութ օգտագործեմ: Ես արդեն հերթագրվել, թմրանյութ եմ ստանում, որ նոպաների ժամանակ ներարկվեմ: Վաղը, կարող է, թմրամոլ դառնամ, ինչից շատ հեռու եմ: Միաժամանակ, ինձ պետք չի, որ որևէ մեկը պատասխանատվություն կրի, ես չեմ ուզում, որ բժշկուհին բանտ նստի, պարզապես ինձ պետք է, որ բժշկական անձնակազմը հոգատարություն ունենա, հետազոտի ինձ` իմանալու ինչ կարելի է անել վիճակս թեթևացնելու համար:

Գոնե բժիշկը հոգատարություն ունենա, ասի` տեսնենք ինչ կարող ենք անել, ասում է գնա, թող քեզ ճառագայթ անեն: Այսօր էլ խոսել եմ Մարգարիտա Հովհաննիսյանի հետ, ասել եմ՝ բժշկուհի, ես ոչ մեկին վատություն անելու միտք չունեմ, եկե՛ք, այս հարցին լուծում տվե՛ք, ինքն էլ թե` չգիտեմ ինչ ասեմ»,- ասաց Գեղամ Խաչատրյանը:

Անի Ղազարյան




Լրահոս