
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանի և Իրանի մոտեցումները հիմնականում համընկնում են։
Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Զախարովան ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում՝ ընդգծելով, որ դա ամբողջությամբ հաստատվել է այս տարվա հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրով։
«Այս փաստաթղթի համաձայն՝ կողմերը նպաստում են հարակից տարածաշրջաններում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը, այդ թվում՝ Հարավային Կովկասում, և համագործակցում են՝ երրորդ ուժերի ապակայունացնող միջամտությունը կանխելու նպատակով։ Կարծում եմ, որ այս փոխըմբռնման ամրագրումը միջպետական հիմնարար փաստաթղթում, որը նախատեսված է 20 և ավելի տարվա հեռանկարի համար, շատ բան է ասում։
Միակ տարբերությունն այն է, որ Ռուսաստանը եռակողմ աշխատանքային խմբի անդամ է, որը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով»,- ասել է Զախարովան և ավելացրել, որ խմբի շրջանակում հսկայական աշխատանք է կատարվել ոչ միայն իրավական հիմքերի, այլև Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիների վերականգնման տեխնիկական պարամետրերի համաձայնեցման ուղղությամբ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ հենց եռակողմ աշխատանքային խմբում է ձեռք բերվել համաձայնություն հաղորդակցությունների ապաշրջափակման հիմնական սկզբունքի վերաբերյալ, որը կայանում է այն բանում, որ հաղորդակցությունների նկատմամբ պահպանվում են տվյալ պետությունների ինքնիշխանությունն ու իրավասությունը։
«Այդ պայմանն, ընդունվել է թե՛ Բաքվի, թե՛ Երևանի կողմից։ Սակայն, ցավոք, պետք է նշեմ, որ այս պահին աշխատանքները դադարեցված են հայկական կողմի դիրքորոշման պատճառով։ Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ վերսկսելու լիարժեք համագործակցությունը այդ խմբում»,- նշել է Զախարովան:
Ավելի վաղ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որի դիրքորոշումը համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը Հարավային Կովկասում տարածաշարջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում։