Գյուղացուն սատարելու քաղաքականությունն ավելի նյութական է դառնում. Սերգո Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղացուն սատարելու քաղաքականությունը տարեցտարի ավելի նյութական ու նպատակային է դառնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, հայտարարել է աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա այցն սկսել է մարզխորհրդի նիստին մասնակցելով:

Իր ելույթում նա ամփոփիչ անդրադարձ է կատարել 2013 թվականի գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշներին եւ գյուղում իրականացված պետական օժանդակման ծրագրերին:

«Մատչելի գներով սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք, ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելուց բացի, Կառավարությունը կարողանում է որոշակի ֆինանսական փոխհատուցում տալ նաեւ բնական աղետից տուժած համայնքներին: Սակայն ամեն ինչ իր ժամանակն ու հնարավորությունն ունի»,- ասել է նա։

Սերգո Կարապետյանը հիշեցրել է, որ միայն գյուղացուն օժանդակելու չորս ծրագրով պետությունը 4,5 միլիարդ դրամով սուբսիդավորում է իրականացրել՝ թեթեւացնելով գյուղացու բեռը:

«Այս, եւ գյուղատնտեսությանն առնչվող մյուս բոլոր խնդիրները, ինչպես եւ նախկինում, այսօր նույնպես հանրապետության Նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Վերջին նման հանձնարարականը, որ տրվել է Նախագահի կողմից, Հայաստան ներկրված գարու սերմացուն, նախատեսված 200-ի փոխարեն 130 դրամով գյուղացիներին տրամադրելու մասին է»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի հիմնախնդիրներին, նա համայնքապետերի ուշադրությունը հատուկ հրավիրել է մարզում կարտոֆիլի ցանքերի ավելացման անհրաժեշտությանը, մանավանդ, որ կարտոֆիլի իրացման խնդիրներ այսօր չկան եւ վաճառքի գներից էլ գյուղացիները գոհ են: Կարեւորվել է նաեւ տեխնիկական պարկի թարմացումն ու համալրումը:

«Միայն վերջին մեկ տարվա ընթացքում, տարբեր ծրագրերով հանրապետություն են ներկրվել եւ լիզինգային եղանակով գյուղացիներին տրամադրվել 200-ից ավելի տարբեր հզորության տրակտորներ: Օրերս նույն ծրագրով Հայաստան կներկրվի 10 հացահատիկահավաք կոմբայն, որից 2-ը կտրամադրվի Գեղարքունիքի մարզին»,-ասել է Սերգո Կարապետյանը:

Այնուհետեւ նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարի պաշտոնակատարը «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգեւատրել է Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանին եւ ֆերմեր Վանիկ Հարությունյանին՝ Գանձակ համայնքից: Մարզի գյուղատնտեսության եւս 12 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:

Օրվա երկրորդ կեսին Սերգո Կարապետյանը, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ, այցելել է Սիրականյան եղբայրների Վարդաձոր համայնքում գտնվող կաթնապրանքային ֆերման եւ կարտոֆիլի պահպանության պահեստարանները, ծանոթացել արտադրությանն ու զրուցել աշխատակիցների հետ:




Լրահոս