Այսօր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Հայաստանի պատվիրակության անդամ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991-ին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։
Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանն հարց է ուղղել Վեհաժողովին, թե ինչ է արվում նրանց կողմից այնպիսի իրավիճակներում, երբ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների կյանքին լուրջ վտանգ է սպառնում և նրանք ենթարկվում են ֆիզիկական և բարոյական բռնությունների:
Հայ պատվիրակի բարձրացրած մտահոգությանն ի պատասխան՝ ԵԽ հանձնակատարը հայտնել է, որ մայիսին Ադրբեջանում քննարկումներ ունեցել է այդ հարցերի շրջանակներում:
«Կարծում եմ ՝ Կարմիր խաչն է այն պատասխանատու և իրավասու մարմինը, որը զբաղվում է այդ հարցերով: Ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանն ու ԵԽ մյուս անդամ երկրներն իրենց գործունեությունը պետք է ծավալեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների սահմաններում»,- նշել է ԵԽ հանձնակատարը:
Տաթև Հարությունյան