
Փետրվարի 19-ը կրկնակի տոն է հայերի համար։ Առաջին հերթին ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի, ծննդյան տարեդարձն է, որը գիտակից հայերի կյանքում մեծ բան պետք է փոխեր և երկրորդ հերթին՝ գիրք նվիրելու օրն է։
Գանք ամենակարևորից և սկզբից։
Թումանյանը հետագայում պետք է դառնար այն մեծությունը, ով անգնահատելի և մեծ ներդրում է ունեցել թե՛ հայոց գրականության, թե՛ հայ մշակույթի մեջ։ Լոռվա Դսեղում ծնված Թումանյանը իրական հայ է եղել, ունեցել է հային բնորոշ հյուրասեր բնավորություն, գեղեցիկ ու հիշվող կենացներ է ասել տարբեր առիթների ժամանակ, որի համար էլ նրան անվանել են նաև «ամենայն հայոց թամադա»։
Թումանյանի անսահման բարության, հոգատարության մասին փաստող շատ հանգամանքներ կան, սակայն հարկ է հիշել այն պատմությունը, երբ Հովհաննես Թումանյանը որդեգրել է Եղեռնից փրկված 13 որբերի։ Կարելի է ասել, որ գոնե այդպես բախտը ժպտացել է 13 որբուկներին։ 13 որբերի մեջ է եղել նաև Խորհրդային Հայաստանի ապագա ղեկավար Կարեն Դեմիրճյանի մայրը՝ Լուսնթագը, որի ողջ ընտանիքին սպանել էին իր աչքի առջև, փրկվել էին միայն ինքն ու քույրը, իսկ քրոջը կորցրել է արդեն մանկատանը։
Լուսնթագի ընտանիքը դարձավ Թումանյան իր ընտանիքի հետ, իսկ Լուսնթագի կյանքում ամենալուսավոր հուշը մնացել է հենց Թումանյանը։
«Հոգուս հատոր, սրտիս կտոր,
Դասիս համար դու մի հոգար,
Թե կան դասեր, կա նաև սեր,
Եվ ինչ զարմանք, իմ աղավնյակ,
Որ կենդանի մի պատանի
Սերը սրտում դաս է սերտում»։
Այս բանաստեղծությունը Թումանյանը գրել է, երբ առաջին անգամ սիրահարվել է, իսկ դրանից ավելի հետաքրքիր և գրքային սեր միգուցե չկա։ Հետաքրքիրն այն է, որ Թումանյանը այս փոքրիկ բանաստեղծությունը գրել է 11 տարեկանում։ Դպրոցական տարիներին նա հաճախ էր օգտվում դպրոցի տեսուչի հարուստ գրադարանից և այդ ընթացքում էլ սիրահարվել է նրա դստերը՝ Վերգինեին։
Հետագայում, երբ Թումանյանն արդեն իրապես, ամենայն լրջությամբ և բոլոր ջանքերով ստեղծագործել է, տվել է հայերիս այնպիսի ստեղծագործություններ, որ կարդալիս էլ հայտնվում ես այս տողերում։ Թումանյանի գրչին են պատկանում «Անուշը», «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Թմբկաբերդի առումը», «Ախթամարը», «Փարվանան», «Հայրենիքիս հետ», «Հայոց լեռներում», «Պատրանքը» և այլ հայտնի ստեղծագործություններ։
Մեծ լոռեցու մասին հուշերը շատ են, որոնց մասին հակիրճ ներկայացնում է ArmLur.am-ը։
Հովհաննես Թումանյանի ամենամտերիմ ընկերը եղել է Ղազարոս Աղայանը։ 1900-ական թվականների սկզբներին սրվել էին հայ-ադրբեջանական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Աղայանին, գնում է Ադրբեջանի Ղազախի շրջան՝ բանակցությունների: Ոչ մի կողմը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»:
Պատմում են, որ Թումանյանը բարակամեջք, նրբամարմին մարդ է եղել և այդ ամենը լսելով անհանգստացել է, սակայն այդ ամենը լսելով տեղից վեր է թռչել հաղթանդամ Ղազարոս Աղայանը և ասել «բերե՛ք ձեր փահլևանին»:
Մենամարտի համար բերել են մի հսկայի և դա տեսնելով Թումանյանը խառնվել է իրար։ Մենամարտը սկսվել է և Թումանյանը անդադար բացականչել է՝ Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր… Ղազարոս Աղայանի համբերությունը հատել է և ի պատասխան Թումանյանի թուրքին գետնին տալով ասել է․ «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»։
Թումանյանի ամենահայտնի ստեղծագործություններից «Շունն ու կատուն» կենացի առիթ է դարձել։ Մի օր, սեղանի շուրջ Թումանյանը առաջարկում է խմել Անդրանիկի կենացը և ասում. «Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու կատուն», 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՜ իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը, խմում եմ երկու նշանավորներից մեկի՜ Անդրանիկի կենացը»:
Թումանյանի հումորով արված այդ գեղեցիկ և իմաստալից համեմատությունը շատ աշխույժ ծիծաղ է առաջացրել: Անդրանիկը դրան պատասխանել է. «Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը»:
Անվերջ կարելի է խոսել Թումանյանից, նրա թողած մեծագույն ավանդից, իր մասին հուշերից։ Ինչպես նշեցինք սկզբում՝ Թումանյանի ծննդյան օրը նաև գիրք նվիրելու օրն է։
Իսկ ինչո՞ւ հենց Թումանյանի ծննդյան օրը։
Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և Հայաստանի կառավարության որոշմամբ 2008 թվականից սկսած Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է նաև որպես գիրք նվիրելու տոն։ Տոնը տարեցտարի ավելի շատ է վայելում ժողովրդի սերը և ստանում ավելի մեծ տարածում։ Ամեն տարի դպրոցներում կազմակերպվում են միջոցառումներ և երեխաները միմյանց նվիրում են գրքեր։ Տոնի առթիվ անցկացվում են նաև գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ, ինչպես նաև պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային գրադարանների միջև։ Տոնի նպատակն է ընթերցանության և գրքի նկատմամբ սերը ժառանգել նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնել գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին։ Օրվա տոնական ավանդույթներից է մտերիմ մարդուն որևէ հետաքրքիր գիրք նվիրելը։
Աննա Սրապիոնյան