Եթե նախկինում ղեկավարներն էին դռները փակում ուսանողների առաջ, այսօր ուսանողներն են դասախոսներին պատանդ վերցնում. Ռուբեն Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը ազատման դիմում է գրել եւ այլեւս Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Դերասանի վարպետություն եւ ռեժիսուրա ամբիոնի վարիչը չէ: Ինչպես հայտնի է, ինստիտուտում ռեկտորի ընտրությունն ուղեկցվում էր ուսանողության կողմից բողոքի ակցիայով: Նրանք պահանջում էին չեղարկել ընտրության արդյունքները եւ առաջադրել այլընտրանքային թեկնածուի, որը կներկայացնի ուսանողության շահերը։ Նշենք, որ Թատերական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել Լիլիթ Արզումանյանը։ Ուսանողները փակել էին ինստիտուտի դռները եւ պնդում էին իրենց պահանջը։
Բանակցություններից հետո ուսանողները թույլ էին տվել ինստիտուտի շենքից դուրս գալ միայն Ռուբեն Բաբայանին: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրել է ինստիտուտում տիրող իրավիճակը, իր հրաժարականի պատճառը, անդրադարձել է բուհում առկա խնդիրներին:

-Պարո՛ն Բաբայան, Ձեր ուսանողները փորձե՞լ են համոզել Ձեզ հետ կանգնել հրաժարականի մտքից:

-Ո՛չ, ես հանդիպել եմ միայն իմ կուրսի հետ, բացատրել եմ իրավիճակը, եւ նրանք հավանություն են տվել իմ որոշմանը: Բանն այն է, որ ես չեմ կարող տարիներ շարունակ սովորեցնել մի բան, գործնականում անել մեկ այլ բան: Ես սովորեցրել եմ հարգանքով վերաբերվել դիմացինին, եւ եթե ես նման կերպ չարձագանքեի ինձ սենյակում փակած ուսանողների արարքներին, բանից դուրս կգար, որ իմ խոսքերը փուչ են:

-Թավշա հեղափոխությունից հետո, կարծես թե, սովորություն է դարձել փողոցներ, բուհեր, դասասենյակներ փակելով խնդիրների մասին բարձրաձայնել: Արդյոք տվյալ պարագայում սա լավագու՞յն լուծումն է:

-Ձեր ասածի մեջ կա ճշմարտություն: Բայց եթե մենք մեկ տարի առաջ քննադատում էինք բուհերի ղեկավարներին, որոնք դռները փակում էին ուսանողների առաջ, այսօր կարող ենք արձանագրել, որ ուսանողներն են նրանց` դասախոսական կազմին, պատանդ պահում: Բայց ի՞նչ է նշանակում դա: Դռան ետեւում կանգնած են մարդիկ, եւ յուրաքանչյուրն ազատ տեղաշարժման իրավունք ունի: 25 տարի դասավանդել եմ այդ հաստատությունում, բոլոր ուսանողներին իմն եմ համարում, բայց երբ նրանք փակում են իմ առջեւ դուռն ու ասում են` «կմնաք այստեղ, որքան կամենանք», ինձ մնում է այլեւս չմտնել բուհ:

-Բայց, տեսեք, մեկ տարի առաջ նման ծայրահեղ քայլերի դիմում էին, որովհետեւ չկար երկխոսություն իշխող օղակների եւ ցուցարարների միջեւ: Այսինքն՝ վերջիններիս լսող չկար, եւ նման մեթոդը պատճառաբանված էր: Հիմա այդ երկխոսության հնարավորությունը ուսանողներին տրվե՞լ է, թե՞ ոչ:

-Իհարկե, տրվել է, ավելին՝ Կառավարման խորհրդի (որի անդամներից եմ նաեւ ես) նիստի ժամանակ ասել եմ, որ պարտադիր պետք է երկխոսություն լինի, նույնիսկ առաջարկեցի, որ խորհուրդն իր ամբողջ կազմով հանդիպի ուսանողներին, որովհետեւ նրանց բողոքները տրամաբանական են: Խորհրդի բոլոր անդամները հաճույքով համաձայնեցին: Իրականում հենց երկխոսության արդյունքում են գալիս որեւէ եզրահանգման, ոչ թե «Մահ կամ ազատություն» լոզունգն առաջ տանելով:

-Ուսանողների առաջ քաշած պահանջներից որո՞նք եք համարում արդարացված, տրամաբանված:

-Այդ պահանջները ներկայացված էին դեռեւս մեկ տարի առաջ, եւ մենք ուսանողների հետ քննարկել ենք դրանք: Ավելին՝ ես էլի կետեր կավելացնեի նրանց պահանջներում: Նախ՝ կարծում եմ՝ բակալավրիատում դերասանի վարպետությանը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել, համաձայն եմ ուսանողների հետ: Կրթական համակարգը պետք է դառնա ավելի ճկուն, որպեսզի ամրապնդվի դասախոս-ուսանող կապը, եւ ուսանողները վարպետների հետ շփումից դասեր քաղեն: Պետք է ամրապնդել նաեւ բուհի միջազգային կապերը եւ այլն, եւ այլն: Բայց այս ամենը, կարծում եմ, այսպես թե այնպես, պլանավորվել էր իրականացնել: Ճանապաարհը կար, կամաց-կամաց դրան էինք գնում:

-Լիլիթ Արզումանյանը լավագույն թեկնածու՞ն է այդ ամենն իրականություն դարձնելու համար:

-Նա միակ թեկնածուն էր: Իսկ լավագույնն էր, թե ոչ, կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ լինեին մի քանի թեկնածուներ:

-Բայց ուսանողները հենց դա էին պահանջում:

-Ես ինքս միշտ կողմ եմ եղել, որպեսզի լինի մրցակցություն, բայց այս պարագայում մյուս երկու թեկնածուները օրենքով չէին կարող ռեկտոր դառնալ, ընտրությունն անցավ առանց խախտումների: Բայց անպայման կուզեմ մի բան շեշտել. ընդհանրապես, յուրաքանչյուր ստեղծագործական բուհի կրթական որակը կախված է ոչ թե ռեկտորից, այլ դասախոսներից եւ վարպետներից: Իսկ ռեկտորը կազմակերպիչն է, նրանց հետ շփումների համար պայմաններ ստեղծողը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս