Պենտագոնը սկսում է քաղաքացիական ծառայողների զանգվածային կրճատումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է զանգվածային կրճատումներ իրականացնել քաղաքացիական ծառայողների շրջանում։ Այս մասին հայտնում է ամերիկյան Defense One լրատվականը։

Ակնկալվում է, որ պաշտոնանկումները կմեկնարկեն փետրվարի 21-ից։

Փետրվարի 20-ի ուշ երեկոյան սոցցանցերում հրապարակված տեսանյութում ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաստատել է, որ գերատեսչությունը «փորձաշրջան անցնող աշխատուժի վերագնահատում է կատարում»՝ համաձայն անձնակազմի կառավարման գրասենյակի հունվարի 20-ի հրահանգի:

Հեգսեթը հավելել է, որ սա կլինի աշխատուժի համապարփակ մանրակրկիտ դիտարկման սկիզբը՝ հասկանալու, թե որտեղ կարելի է իրականացնել կրճատումները: Նա նաև նշել է, որ շուտով աշխատանքի ընդունման սառեցում կկատարվի։

Ավելի վաղ Military.com-ը հայտնել էր, որ ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) փորձագետների թիմը՝ Իլոն Մասկի գլխավորությամբ, սկսել է Պենտագոնի բյուջեի ծախսերի աուդիտը։

Պենտագոնը, որի բյուջեն կազմում է մոտ 850 միլիարդ դոլար, ամենախոշոր դաշնային գործակալությունն է և տիրապետում է ԱՄՆ ազգային պաշտպանության վերաբերյալ առավել զգայուն տեղեկատվությանը:

Գործակալության գործունեության աուդիտը ծախսերի կրճատման միջոցառումների մաս է կազմում: Պաշտպանության նախարար Հեգսեթը նախորդ շաբաթ լրագրողներին ասել էր, որ ողջունում  է Մասկի և նրա թիմի աշխատանքը և կարծում է, որ նրանք կարող են բացահայտել այն ոլորտները, որտեղ կարելի է «միլիարդավոր դոլարի» խնայողություն կատարել:

Պենտագոնն արդեն հայտարարել է, որ հանձնարարել է զինվորականներին կազմել 2026 ֆինանսական տարվա բյուջեի հնարավոր կրճատումների ցուցակը՝ մոտ 50 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով:




Լրահոս