Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համալիրի արդիականացում» ծրագրի շրջանակներում ներկայումս
Բերդի բժշկական կենտրոնը կառուցապատվում է: Այստեղ կատարվում է կապիտալ մեծ շինարարություն, որի ավարտից հետո բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով եւ այլ պարագաներով: Բերդի բժշկական կենտրոնում նախատեսված ընդհանուր ներդրումները կազմում են ավելի քան 957 միլիոն դրամ: Սակայն արդիականացվող առողջապահական հիմնարկությունը բժիշկների խիստ կարիք ունի:
«Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Արամ Հարությունյանն ասաց, որ ունեն անեսթեզիոլոգի, օպերատոր գինեկոլոգի, վիրաբույժի, քիթ-կոկորդի բժշկի եւ այլ նեղ մասնագետների պակաս, ընդհանուր թվով բժշկի 6 թափուր հաստիք կա: Տնօրենը հայտնեց, որ բժշկական կենտրոնի արդիականացումից հետո առողջապահության նախարարության կողմից կցուցաբերվի կադրային աջակցություն: Երեւանից մասնագետներ կգործուղվեն Բերդ, որոնք 3 տարի ժամկետով կմնան ու կաշխատեն Բերդի բժշկական կենտրոնում: Ա. Հարությունյանն ասաց,որ հիմա Երեւանից բժիշկները Բերդ բնակության եւ աշխատանքի չեն գալիս: Դրա պատճառները հետեւյալն են՝ Բերդը վտանգաշատ, հեռավոր տարածք է, այստեղ կենցաղային պայմանները խիստ տարբերվում են մայրաքաղաքայինից, սահանամերձ տարածաշրջանի բնակչությունը մեծամասամբ աղքատ է ու բժշկական ծառայությունների համար ոչ վճարունակ: Ա. Հարությունյանից հետաքրքրվեցինք, արդյոք առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը, որը սերում է Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղից, օգնո՞ւմ է Բերդի բժկական կենտրոնին: Ա. Հարությունյանը վստահեցրեց, որ Դումանյանն իր հնարավորություններից ավելի չափով աջակցում է: Նա նշեց, որ անցած տարվա ամռանը Դումանյանն ուղարկել է մասնագետ բժիշկների խումբ, որը մեկ ամիս աշխատել է Բերդի բժշկական կենտրոնում: