Նոյեմբերի 24-ին տեղացած առատ ձյան պատճառով դժվարացել է երթեւեկությունը Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհին: Ժամը 17-ն անց 20-ի սահմաններում Հայաստան բեռներ ներկրող «ֆուռերից» մեկը, Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհից սահելով, փակել էր այն: Այդ պատճառով երթեւեկությունն ընդհանրապես խափանվել էր: Մեքենաները ստիպված էին Ոսկեպար-Կիրանց հատվածը հաղթահարել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ձգվող, ռազմական նշանակության հողային ճանապարհով: Այստեղ էլ մի «Ժիգուլի» սահելով ճանապարհից դուրս էր ընկել: Նոյեմբերի 24-ին` ժամը 18-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի ծայրամասում` «Մասիս Տոբակո» ընկերության գրասենյակի մոտ, կուտակվել է մոտ 20 «ֆուռ»: Դրանցից առաջինը թեքությամբ փակել էր ճանապարհի կեսը եւ խցանելով մյուս բեռնատարների ճանապարհը` բաց մնացած կես ճանապարհով կարողանում էին անցնել միայն մարդատար մեքենաները: Նշված հատվածում, ինչպես նաեւ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի խցանումների վայրում, ուժեղացված հսկողություն էին իրականացնում պետավտոտեսչության աշխատողները: Ճանապարհի սպասարկուներն ավազախառն աղ էին ցանում, իսկ ձյուն մաքրող մեքենաներն էլ մաքրում էին ճանապարհը: Նշենք, որ Այրումի սողանքի պատճառով Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհի երթեւեկը մեծացել է:
Հ.Գ. Չնայած երեկ Երեւանում ՀԱԿ-ի հանրահավաքն էր, սակայն մարզի ոստիկանները ճանապարհները չէին փակել:
ԽՑԱՆՈՒՄՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ