
Երրորդ ամենամյա Կապանի միջազգային երաժշտական փառատոնը տեղի կունենա այս տարվա հուլիսի 4-14-ը Սյունիքի մարզկենտրոն Կապանում։ Նախագիծը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Կապանի համայնքապետարանի համագործակցությամբ՝ անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանի նախաձեռնությամբ: Փառատոնն իրականացնում է «Կապանի միջազգային փառատոն» կազմակերպությունը:
Կապանի միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի հուլիսի 4-ին։ Այս տարի ևս փառատոնի շրջանակում իրականացվելու է ակադեմիական կրթական ծրագիր։ Վարպետության դասերին մասնակցել կարող են այն 14-22 տարեկան երաժիշտները, որոնք մինչև ապրիլի 15-ը պետք է լրացնեն դիմում-հայտը փառատոնի պաշտոնական կայքի միջոցով։ Մայիսին կհրապարակվեն ընտրված ուսանողների անունները, նրանք կստանան լիարժեք կրթաթոշակ, որը կներառի վարպետության դասերին մասնակցություն, մենահամերգային և կամերային երաժշտության կատարումների հնարավորություն, մասնագիտական ձայնագրություններ, կեցավայր Կապանում և տեղափոխում։
«Հայաստանի գեղատեսիլ Սյունիքի մարզի Կապան քաղաքում մենք նախաձեռնել ենք նոր միջազգային երաժշտական փառատոն, որը համախմբել է անվանի երաժիշտների ու երիտասարդ տաղանդների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից: Այն, ինչ սկզբից երազանք էր, գեղեցիկ և ինչ-որ չափով խելահեղ գաղափար, ընդամենը երեք տարվա ընթացքում վերածվեց աշխարհահռչակ երաժշտական փառատոններից մեկի: Մենք հաջողության հասանք ամուր ընկերության, խանդավառության և նպատակին նվիրվածության շնորհիվ: Եվ այս հաջողությանը չէինք հասնի առանց բազմաթիվ հոգատար մարդկանց կողմից ստացված աջակցության։ Մեծ սիրով և նվիրումով մոտենալով մեր գործին` հուսով ենք, որ բոլորիս առջևում սպասում են երաժշտական արկածների երկար տարիներ»,- նշում է թավջութակահար Սևակ Ավանեսյանը։
Փառատոնի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի կդառնան ավելի ուշ։