
Յուրաքանչյուր մեծ հայի ծննդյան օր հայ գրականության էջերում կարևորագույն իրադարձություն է։
Երեկ հայ գրականության գիգատներից Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։
ArmLur.am-ը ներկայացնում է Չարենցի կյանքից հետաքրքիր դրվագներ։
Ամենահետաքրքիրը Կարինե Քոթանճյանի հուշերն են Չարենցի մասին։
Կարինե Քոթանճյանը պատմել է, որ 1914 թվականի հունիս ամսին, երբ այգում զբոսնել է ընկերների հետ, աչքն ընկել է կանաչ շապոյով, բաց շագանակագույն թիկնոցով, ծխամորճով և մեծ ձեռնափայտով մի պատանու։
«Տղան հագնված էր իր հասակին ոչ համապատասխան: Տարօրինակ էր նաև կեցվածքը: Գլխարկն աչքերին քաշած՝ նա մեկ ձեռնափայտը նետում էր վեր, մեկ բռնում, մեկ գետնի վրա ինչ-որ գծում, խզմզում: Գլխարկի տակից փայլում էին նրա աչքերը, խորաթափանց և, ինչպես ինձ այն ժամանակ թվաց, չար արտահայտությամբ: Տղաներից հետաքրքրվեցի, թե ով է այդ երիտասարդը: «Բանաստեղծ է»,—ասացին: Աղջիկները ծիծաղեցին այդ պատասխանից՝ «ֆուտուրիստ է» բացականչելով:
Զբոսնելիս մի երկու օր անընդհատ հետևում էի տղային և այն եզրակացությանը եկա, որ նա տարօրինակություններ է անում, չարանալով աղջիկների վրա, որոնց հետ ծանոթ չէ և շատ կուզեր ծանոթանալ: Միտքս ասացի իմ ընկերներին: Նրանց տարօրինակ թվաց այդ տարօրինակ տղայի հետ մտերմանալու առաջարկը, սկզբում ծիծաղեցին, հետո հայտարարեցին, որ ստիպված կլինեն ընկերություն չանել ինձ հետ. չար է տղան, և իրենք չեն պատկերացնում մտերմություն նրա հետ: Ես համառեցի, և մեր ընկերներից մեկի ուղեկցությամբ մոտեցանք Եղիշեին: Ձեռքս մեկնելով առաջարկեցի նրան ծանոթներ լինել: Թերևս ծաղր համարելով իմ առաջարկը՝ նա ծույլ շարժվեց տեղում, արժանապատվությամբ բարձրացավ, և մենք ծանոթացանք»,- իր հուշերում պատմել է Կարինե Քոթանճյանը։
Քոթանճյանը նաև պատմել է, որ համոզվել է իր չսխալվելու հարցում․ Չարենցը եղել է բավականին բարեհամբույր անձնավորություն, ի զարմանք Կարինե Քոթանճյանի ու ընկերուհիների՝ խելոք, կարդացած ու զարգացած է եղել։
«Հենց առաջին իսկ զրույցից ես զգացի, որ սխալված չեմ. խելոք էր երիտասարդը՝ կարդացած, զարգացած և, որքան էլ զարմանք պատճառելու լիներ ինձ և իմ ընկերուհիներին, բարեհամբույր: Շուտով Եղիշեի հետ ծանոթացան նաև մեր աղջիկներից մի քանիսը: Այնուհետև մենք միշտ միասին էինք լինում, միասին զբոսնում, նավակ նստում, զրուցում ժամերով: Պիեսներ էինք պատրաստում և ներկայացնում, մեծ մասամբ մեր տանը: Վերահաս պատերազմը բաժանեց բոլորիս, դպրոցները փոխադրվեցին Թիֆլիս: Ձախողվեց ռազմաճակատ մեկնելու իմ ցանկությունը (ընկերուհիս՝ քանդակագործուհի Այծեմնիկ Ուրարտուն սպառնաց, թե կհայտնի ծնողներրիս): Մեկնեցի Թիֆլիս, բայց չկարողացա ստիպել ինձ շարունակել կրթությունս, մտա հոսպիտալ աշխատելու որպես քույր: Ամռանը վերադարձա Կարս: Չեմ հիշում՝ որ թերթում կարդացինք Հովհաննես Թումանյանի կոչը՝ ուղղված հայ օրիորդներին.
«Ով իսկական հայրենասեր է, թող գնա Էջմիածին՝ օգնելու պատերի տակ բնաջնջվող գաղթականությանը, որբերին»:
Առանց մտածելու մեկնեցի Էջմիածին, հենց ուղղակի շատ սիրելի Թումանյանի մոտ. սկզբում նա համոզեց վերադառնալ և շարունակել ուսումը. «Հայրենասեր օրիորդը կրթություն ստանալով կարող է ավելի օգտակար լինել հայրենիքին»,—ասաց նա՝ նկարագրելով գաղթականների սոսկալի դրությունը Էջմիածնում: Հետո իմ համառությանն ընդառաջելով՝ առաջարկեց զբաղվել որբերի խնամքով։ Ամռանը, արձակուրդներին վերադարձա Կարս: Հանդիպումներ, զրույցներ Եղիշեի հետ, տրամադրվեցի գնալ Մոսկվա և սովորել: Չարենցը Մոսկվա եկավ 1916 թ. աշնանը, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի վերջերին և ընդունվեց Շանյավսկու համալսարանի պատմագրական ֆակուլտետը: Ապրում էր մի շատ փոքր սենյակում, որտեղ կար մահճակալ, սեղան և երկու աթոռ: Շատ պատկառելի և զգայուն տանտիրուհի ուներ, նա միշտ բողոքում էր, թե Եղիշեն օր ու գիշեր նստած գրում է ու գրում, առանց սնվելու՝ ընդունելով միայն քաղցր թունդ թեյ և ուրիշ ոչինչ: Խնդրում էր ինձ հաճախ այցելել և նրան դուրս բերել տնից: Այդ օրերին Չարենցը գրում էր «Ծիածանը»: Ինձ ոչինչ չէր ասել մինչև ավարտելը. հետո բնագիրը տվեց ինձ և խնդրեց կարդալ միասին: Նույն օրերին նա հորից ծանրոց ստացավ: Հայրը գրել էր, որ դրամ չի կարող ուղարկել, ուղարկում է գրպանի դանակներ և պարսկական փուշիներ: Մեծ էր Եղիշեի ուրախությունը. Մոսկվայում նա շատ սուղ էր ապրում և հետո մտածում էր խնայած դրամներով հրատարակել «Ծիածանը»: Սակայն այդ դառն օրերին, ինչպես և հետո, Չարենցը երբեք չէր սիրում խոսք բացել նյութականի մասին, տրտնջալ աղքատությունից: Չափազանց հպարտ էր, արժանապատվությամբ լի, դրամ ունենալիս ծախսում էր առանց որևէ հաշվենկատության, հետո նորից մնում առանց դրամի՝ խմելով շատ սիրած պարսկական թեյը»,- իր հուշերում պատմել է Քոթանճյանը։
Նկարիչ Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին ևս պատմել է իր հուշերը։ Սարյանը պատմել է, որ Չարենցն օժտված էր ստեղծագործական ծայրահեղ լարման հասնելու աներևակայելի ուժով:
«Նա ոգևորվում էր ինքնամոռացության աստիճանի և հուսահատվում՝ հասնելով խոր հիասթափության: Օժտված լինելով աշխարհի վերափոխմանը ամենաակտիվ կերպով մասնակցելու ներքին զորեղ պոտենցիալով, նա ոխերիմ թշնամի էր ամեն տիպի քարացած և դոգմատիկ մտածելակերպի: Նա անընդհատ ամենասուր կոնֆլիկտի մեջ էր գտնվում քարացած նախապաշարմունքների հետ կյանքի բոլոր ասպարեզներում և այդ կոնֆլիկտի մեջ էլ հաստատում էր իր ստեղծագործական նվաճումները: Հազվագյուտ սրությամբ էր նա զգում և գիտակցում հայ ժողովրդի ողբերգությունը և նույնպիսի ուժով խանդավառվում նրա երջանիկ վերածնունդով: Երևույթները չափազանց սրությամբ վերապրելու Չարենցի բնավորությունը նրա կյանքի վերջին տարիներին հասցնում էր նրան այնպիսի աղետի, որ նրա բարեկամների, այդ թվում և իմ խորհուրդներն ու թախանձանքները անզոր էին կանխել»,- իր հուշերում պատմել է Սարյանը:
Սարյանը կարծել է, որ հաճախ է պատահում, երբ արվեստագետը, ենթարկվելով ինչ-որ մի ներքին թելադրանքի, մինչև վերջ չգիտակցված բովանդակություն է մտցնում ստեղծագործության մեջ և այդ բովանդակությունը բացահայտում են տարիները, ժամանակը:
«Կարևորն այն է, որ այդ եգիպտական դիմակը չափազանց սիրեց և Չարենցը, ըստ երևույթին հազարամյակների խորքում ստեղծված արևելյան արվեստի այդ գլուխգործոցները մեր երկուսիս գեղարվեստական ճաշակների կիզակետերից էին: Դիմակի հավերժից եկող, սառած աչքերը կոնտրաստի մեջ մտնելով Չարենցի կենդանի և խորիմաստ աչքերի հետ, ընդգծում էին բանաստեղծի աչքերի անհուն խորությունը: Այդ պորտրեն մեկ տարի հետո կայացած Վենետիկի Համաշխարհային ցուցահանդեսում ցուցադրվեց, և այնուհետեւ Չարենցը նույն այդ պորտրեն օգտագործում է 1932թ. հրատարակված իր «Երկերի» համար. որպես ճակատանկար»,- պատմել է Մարտիրոս Սարյանը։
Անվերջ կարելի է խոսել Չարենցի մասին, քանի որ գրողի մասին հուշերը շատ և անվերջ կարելի է հիշել Չարենցին, քանի որ գրողի ստեղծագործությունները անգին են։
Աղբյուր՝ Չարենցի տուն-թանգարան
Աննա Սրապիոնյան