Դեմոկրատ սենատորները մտադիր են մերժել ԱՄՆ կառավարության ֆինանսավորման օրինագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը հայտարարել է, որ իր գործընկերները կհրաժարվեն ընդունել հանրապետականների կողմից առաջարկված և Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը, որով կանխվում է շաթդաունը և երկարաձգվում կառավարության ֆինանսավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:

«Կառավարության ֆինանսավորումը պետք է լինի երկկուսակցական խնդիր, սակայն հանրապետականներն ընտրել են կուսակցական ճանապարհը՝ մշակելով իրենց բանաձևը (խմբ.՝ ժամանակավոր ֆինանսավորման մասին)՝ առանց Կոնգրեսում դեմոկրատների որևէ մասնակցության», – Շումերն ասել է Սենատի նիստի ժամանակ:

Դեմոկրատները ցանկանում են ընդունել ժամանակավոր ֆինանսավորման բանաձևը մինչև ապրիլի 11-ը, ինչը սենատորներին ավելի շատ ժամանակ կտա երկու կողմին բավարարող տարբերակի շուրջ պայմանավորվելու համար:

Հանրապետականները 53 տեղ ունեն Սենատում, սակայն նրանց անհրաժեշտ է 60 ձայն իրենց օրինագիծն անցկացնելու համար։

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր օրինագիծ, որը կանխում է շաթդաունը և կառավարության ֆինանսավորումը երկարաձգում մինչև սեպտեմբերի 30-ը:

Ընթացիկ ֆինանսավորման ժամկետը լրանում է Վաշինգտոնի ժամանակով մարտի 14-ին, ժամը 23:59-ին:




Լրահոս