
Եվրոպական խորհրդարանում Գերմանիան ներկայացնող պատգամավոր Թոմաշ Ֆրյոլիխը կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասի կայունությունը բխում է Եվրոպական միության շահերից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման կարծիք է հայտնել Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։
«Ադրբեջանական հարձակման ժամանակ (խմբ․ նկատի է առնվում Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ) թե՛ Եվրոպական միությունը, թե՛ Ռուսաստանը միայնակ թողեցին հայ ժողովրդին։ Հարյուր հազարավոր հայեր ստիպված են եղել փախչել, իսկ նրանցից ոմանք այսօր պատանդ են»,-շեշտել է պատգամավորը:
Պատգամավորի բնորոշմամբ՝ աշխարհն այսօր տեսնում է, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղում համակարգված ձևով ոչնչացվում առաջին քրիստոնյա երկրի մշակութային ժառանգությունը։
«Ինչո՞ւ ենք մենք այդքան քիչ լսում դրա մասին: Հարավային Կովկասում կայունությունը բխում է Եվրամիության շահերից։ Մեզ պետք են խաղաղ բանակցություններ, և մեզ պետք է պատշաճ վերաբերմունք հայ պատանդների, հայ ժողովրդի և հայկական մշակութային ժառանգության նկատմամբ»,-ընդգծել է գերմանացի պատգամավորը։