ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արփինե Սարգսյանը բացեց բանդայի գործը, բայց հանցագործները փախան երկրից․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաս 1
Մաս 2

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետության ներսում գործող բանդան դեռ անպատիժ է, ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ իրավապահների գործուն ջանքերով պարագլուխները օրեր առաջ փախել են Հայաստանից:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանն ու նրա 2 որդիները գազագողության մի մեծ մեխանիզմ են սարքել, գործում ներգրավել տարբեր մարդկանց, եւ նրանք խմբով չեն ենթարկվում ոչ միայն «Գազպրոմին»՝ որպես մատակարարի, այլեւ պետությանը՝ հարկային ծառայությանը, պետական մյուս մարմիններին: Երբ այս մասին հարց հնչեցրինք ՀՀ ՆԳՆ Արփինե Սարգսյանին, օրեր անց նախարարն օպերատիվ գործեց, հարուցեց վարույթ եւ ուղարկեց քննության՝ ՀՀ Քննչական կոմիտե: Այս կառույցը սկսեց քննել՝ բանդայի գործում ներգրավելով 50 քննիչների:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ն. Գ.-ի 18 գազալցակայաններում հարկեր չեն վճարվել, որը ՊԵԿ-ի հաշվարկներով 1 մլրդ 79 մլն 341 հզր 404 ՀՀ դրամ է կազմում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ իրականում ավելի մեծ գումար են պետությունից թաքցրել, ավելի մեծ թվով գազալցակայաններ են գործում, իսկ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը ամսական մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլարի վնաս են հասցրել գրեթե մեկ տարի շարունակ: Եվ այս գործը բացահայտվեց «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումների շնորհիվ: Եվ ահա տեղեկանում ենք, որ մինչ Նիկոլ Փաշինյանի իրավապահները քննություն են իրականացնում, բանդայի պարագլուխները՝ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանը եւ նրա երկու որդիները՝ Արտակ եւ Քաջիկ Գեւորգյանները (վերջինս էլ է ԱԺ պատգամավոր եղել) հասցրին փախչել Հայաստանից: Նրանց հետ Հայաստանից փախչել է նաեւ Գեւորգյանների բիզնեսի տնօրեն Արմենը, ով համակարգչային մեքենայությունների հիմնական դերակատարն է եղել:
Իսկ ի՞նչ էր տեղի ունենում գազագողության սխեմայով: Հայաստանում եղել են մի քանի տասնյակ գազալցակայաններ, որոնք ամիսներ շարունակ տարբեր մեքենայություններով գազ են գողացել, շուկայականից էժան գներով վաճառել այն, ստացել գերշահույթներ: Պետական շատ մարմիններ տեղյակ են եղել այդ մասին, բայց փաստացի ոչինչ չեն արել: Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի իրականացրած քննության՝ իրականում 3 տասնյակ գազալցակայաններ այս պահին փակ են (սակայն պաշտոնապես տրվել է 18 թիվը): Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ իր աղբյուրներից, որ գազագողությունը շարունակվում է, ինչին կանդրադառնանք առաջիկայում:

Այժմ փորձենք հասկանալ՝ Նահապետ Գեւորգյանն ու նրա որդիները եւ ընկերության տնօրենը ինչպես կարողացան փախչել Հայաստանից, ուր էր իրավապահ համակարգը, եթե կար նախաձեռնված վարույթ, եթե պետք է վաղուց ենթադրյալ բանդայի պարագլուխների նկատմամբ գոնե երկրից բացակայելու արգելք գործեր: Ինչու է ՀՀ ՆԳՆ-ն անգործություն ցուցաբերել:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին, ասաց, թե իրեն անգործության մեջ մեղադրելն ազնիվ չէ, քանի որ մեր բարձրաձայնումից հետո հարուցել է վարույթ՝ ուղարկելով քննության: Իհարկե, ճիշտ է ասում:
Բայց փաստ է նաեւ այն, որ էլի գործ ունենք նույն ավանդույթի հետ. պետական պաշտոնյաները միմյանց վրա են բարդում պատասխանատվությունը, եւ ենթադրյալ հանցագործները հասցնում են փախչել երկրից:
Շարունակելի…»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս