Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի փոխանցմամբ` այժմ Կյանքի խոսք աղանդի շատ հավատացյալներ մնացել են անորոշ վիճակում: Նրանց հիմնադիրը դարձել է կաթոլիկ եկեղեցու անդամ, իսկ այս աղանդի շատ հավատացյալներ դուրս են եկել այդ աղանդից:
«Նրանց հիմնադրի հայտարարությունից հետո 5 օրվա ընթացքում բազմաթից մարդիկ մեր եկեղեցի եկան: Դեպքից հետո որոշել են դուրս գալ և վերադառնալ հայ առաքելական եկեղեցի: Նրանց մոտ շատ հարցեր առաջացան: Նրանք բոլորն անխտիր մասնակցում են ժամերգություններին և պատարագներին: Բայց մարդկանց մոտ շանտաժի պես բան է աշխատում:
Այն հավատացյալները, որոնք այլևս չեն գնում, նրանց ասում են, որ եթե չգաք մեզ մոտ և տասանորդ չվճարեք, ձեր ընտանիքին վատ բան կսպասվի: Կամ ասում են` մենք ձեզ համար տեսիլք ենք տեսել, սուրբ հոգին եկավ և ասաց, որ ձեր տասանորդը պետք է բերեք եկեղեցի»,- ասաց քահանան` հավելելով, որ տարիների ընթացքում նրանք ներշնչել են մարդկանց, թե առաքելական եկեղեցին ձեզ կմերժի և չի ընդունի: Նրանցից մեկը քահանային խոստովանել է, որ երբեք չէր պատկերացնի, որ կխոսի իրենց հետ:
Քահանան փոխանցեց նաև, որ մարդկանց հայտնում են, որ նման բան գոյություն չունի, թե եկեղեցին թույլ չի տալիս մասնակցելու համայնքային եկեղեցական կյանքին:
«Հիմնական պատճառը սա չէր, որ իրենք դուրս եկան, հիմնական փաստն այն է, որ մարդկանցից գումարներ են կորզել: Մի նոր սուտ հետո էլ կհորինեն, ինձ ավելի շատ վախեցնում է այն, որ մարդիկ հիմա վախով են իրենց տանն ապրում: Կյանքի խոսքի նախկին անդամներից մեկն ինձ ասում է` ես հիմա տասանորդից 25 հազար դրամ եմ պարտք, եթե չտամ, տղայիս հետ ոչ մի վատ բան չի լինի, չէ՞: Նրանք արդեն պարտավորվել են: Սա աբսուրդ է, Աստվածաշնչյան լույսի ներքո նույնպես»,- ասաց Տեր Եսային: