Ինչի՞ մասին է գրել Էրիխ Ֆրոմը․ գրողի հայտնի մտքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 18-ը հրեական ծագում ունեցող գերմանացի սոցիոլոգ, փիլիսոփա, հոգեբան, հոգեվերլուծաբան, ֆրանկֆուրտյան հոգեբանական դպրոցի ներկայացուցիչ, նեոֆրոյդիզմի և ֆրոյդոմարքսիզմի հիմնադիրներից Էրիխ Ֆրոմի հիշատակի օրն է։

Էրիխ Ֆրոմը հայտնի է նրանով, որ համառորեն և հետևողականորեն պայքարել է տոտալիտարիզմի կապանքներից աշխարհի ազատագրման համար, հաստատել է համամարդկային արժեքների հավերժականությունը և անսասանությունը։

Էրիխ Ֆրոմը նաև գրքեր է գրել։ Վերջինիս հանրահայտ գիրքը «Սիրելու արվեստը» գիրքն է, որի վերնագիրը հնարավոր է մի փոքր շփոթության մեջ գցի ընթերցողին։

Էրիխ Ֆրոմի կարծիքով՝ սերը կազմված է հասունությունից, ինքնաճանաչողությունից եւ քաջությունից, սակայն այսօր մեր իրականությունում ոչ ոք չի սիրում այնպես, ինչպես պետք է։

Ֆրոմի համոզմամբ՝ սերը նույնպես արվեստ է և դրա մեջ պետք է խորանալ, հմտանալ, ըմբռնել ամեն բան և նոր գիտելիքներ ստանալ։

ArmLur.am-ը ներկայացնում է «Սիրելու արվեստը» գրքից հետաքրքիր մեջբերումներ, որոնք կստիպեն ձեզ երկար մտածել։

1․ Սիրո մեջ պարադոքս կա` երկու էակները դառնում են մեկ և դրանով հանդերձ` մնում առանձին:

2․ Սերը որպես զգացում մշտական լարվածություն է, ոչ թե հանգիստ, շարժում, աճ, համագործակցություն ակնկալող վիճակ:

3․ Հարգանքը ամենևին էլ վախ և ակնածանք չէ, այլ` մարդուն այնպիսին տեսնելու ունակություն, որպիսին նա է` գիտակցելով նրա յուրօրինակությունը:

4․ Մայրական սերը մարդուն օժտում է երանության զգացումով, իսկ բացակայությունն առաջացնում է հուսահատության և հուսախաբության զգացում: Մայրը սիրում է իր զավակներին, քանի որ նրանք իրենն են և ոչ թե այն պատճառով, որ նրանք հնազանդ են կամ լավը:

5․ Միայն սիրո մեջ է, որ «տալը», «նվիրելը» նշանակում է «ձեռք բերել»…

6․ Երկու մարդ սիրահարվում են այն ժամանակ, երբ զգում են, որ փոխադարձաբար մարդկային շուկայում գտել են լավագույն օբյեկտին:

7․ Նա չէ հարուստը, ով շատ ունի, այլ նա` ով շատ է տալիս: Ժլատը, որ վախենում է ինչ-որ բանից զրկվել, հոգեբանական իմաստով աղքատ է, չնայած, որ, նա շատ ունի:

8․ Անզուսպ տարվածությունը մեկմեկու հանդեպ՝ … սիրո ուժի ապացույց չէ, այլ միայն դրան նախորդող անսահման միայնության վկայություն է։

9․ Օրհնված է նա, ով իմանալով մտածում է, որ չի իմանում, դժբախտ է նա, ով չիմանալով մտածում է, որ ամեն ինչ գիտի և ամեն ինչ հասկանում է։

10․ Սերը՝ անընդհատ մարտահրավեր է, այլ ոչ հանգստի վայր, այն շարժում է, զարգացում, համագործակցություն, համաձայնություն թե կոնֆլիկտ, ուրախություն թե տխրություն։

Աննա Սրապիոնյան




Լրահոս