Արդեն տևական ժամանակ է, ինչ հայկական գինի, կոնյակ և պահածոներ արտադրող ընկերությունների սեփականատերերը դժգոհում են «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանից: Բանն այն է, որ նա, օգտագործելով իշխանական լծակները, խթանում է իր բիզնեսի զարգացումը:
«Ռուսական շուկայում շատ ճնշումներ կան մեր վրա: Արթուր Բաղդասարյանն իր «Հայասի»-ով խցկվել է, մեզ փորձում է հետ մղել դաշտից: Արդեն խեղդվում ենք: Հայաստանում շուկա չկա, ստիպված տանում ենք ՌԴ, որ չսնանկանանաք, հիմա էլ էնտեղ են հասել: Չգիտենք՝ ինչ անենք»,- ասում է Հայաստանում կոնյակ, գինի արտադրող հայտնի գործարարը, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում:
Armlur.am-ին լուրեր հասան նաև, որ ՕԵԿ առաջնորդը իր պաշտոնական հանդիպումների ժամանակ քննարկում է հիմնականում իր բիզնեսին առնչվող հարցեր:
Որքանո՞վ է այս գործելաոճը վայել պետական գործչին:
Armlur.am-ն այս առիթով զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի հետ:
-Դիվանագիտական շրջանակներում արդեն բացահայտ կերպով խոսում են այն մասին, որ ՕԵԿ առաջնորդը պաշտոնական հանդիպումների ժամանակ բարձրաձայնում է տվյալ երկրում բիզնես-գործունեություն ծավալելու հարցը:
-Գիտե՞ք, հերյուրանքները չափ ու սահման ունեն: Նման աբսուրդ հարցերը (ես ձեզ չեմ ուզում վիրավորել) իրականության հետ որևէ առնչություն չունեն:
Նման բան չկա և չի էլ կարող լինել: Այն մարդը, որը ծանոթ է Արթուր Բաղդասարյանի անցած ճանապարհին, պետք է իմանա` Բաղդասարյանը պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ է և չի կարող նման բան անել: Անկեղծ ասած, ես նման լուրեր չեմ լսել, առաջին անգամ ձեզանից եմ լսում, բայց կարող եմ ասել` դրանք լիակատար հերյուրանք են:
-Դիվանագիտական շրջանակներում նաև խոսում են այն մասին, որ Արթուր Բաղդասարյանը, լինելով «Հայասի» գրուպի սեփականատեր, պաշտոնական հանդիպումներն օգտագործում է «Հայասի» կոնյակի վաճառքի իրացման համար:
-Նորից եմ ասում, դրանք հերյուրանքներ են: Արթուր Բաղդասարյանն իրականացնում է պետականության ամրապնդման քայլեր, լուծում սոցիալական պաշտպանության խնդիրներ:
Սոնա Դավթյան