
Երևանի Թումանյան փողոցում հաստաբուն ծառերը հատվում և մասնատվում են։ Այս պահին Թումանյան փողոցի ճանապարհահատվածի մի մասը փակ է և լի տեխնիկայով։
Երեւանի քաղաքապետարանը հատված ծառերը փոխարինում է հուդայածառերով, որոնք, ըստ բնապահպանների և գիտության բնագավառի ներկայացուցիչների, հարմար չեն ո՛չ Երևանի տեղադիրքին, ո՛չ կլիմային։
Կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցները արդեն բողբոջած և կանաչած ծառերը լցնում են մեքենաները և տեղափոխում։ Չնայած քաղաքացիների բողոքին՝ ՀՈԱԿ-ի աշխատակիցները ջանասիրաբար հատում են ծառերը։
ArmLur.am-ի հետ զրույցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը փոխանցեց, որ հատվում են առկա ծառերի 70%-ը, իսկ մոտ 30%-ը մնում է կանգուն, քանի որ տապալման վտանգ չկա։
ArmLur.am-ին Արմեն Բեգոյանը հայտնեց, որ հատված ծառերը պահվում են Կանաչապատման ՀՈԱԿ-ի տարածքում և նոյեմբեր ամսին քաղաքապետի որոշման համաձայն կտրամադրվեն փայտանյութի կարիք ունեցող քաղաքացիներին։ Հարկ է նշել, որ հստակ տվյալներ չկան, թե Երևանում նման քանի ընտանիք կա։
Քաղաքացիների դժգոհությունն ակնհայտ է ծառահատումների վերաբերյալ, սակայն քաղաքապետարանը ոչ մի կերպ չի պատրաստվում հետ կանչել որոշումն ու կանխել ծառերի ոչնչացումը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան