Վիտալի Բալասանյանը՝ իր դեմ մահափորձի դրդի՞չ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը օրերս գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանում կայացավ Արցախի հերոս ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի գործով դատավարությունը:

Վիտալի Բալասանյանը դատարանում հայտարարեց , որ իր դեմ իրականացված սպանության փորձի հետեւում կան պատվիրատուներ, իսկ թե ովքեր են նրանք` առայժմ ոչինչ չի կարող ասել: Իսկ նրա պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը հայտարարեց, որ թույլ են տրվել իրավաբանական լուրջ սխալներ:

Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 29-ին` ժամը19.00-ի սահմաններում, Սերգեյ Հարությունյանը պայթուցիկ սարքը մագնիսով տեղադրել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում կայանված Վիտալի Բալասանյանի «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի 45 ՏԼ 045 պետհամարանիշի ավտոմեքենայի առջեւի աջ անվաթեւի տակ` նպատակ հետապնդելով իր մոտ նախապես պահվող բջջային հեռախոսով պայթուցիկ սարքին միացված բջջային հեռախոսին, հեռախոսազանգ կատարելու միջոցով, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհահատվածում ավտոմեքենան պայթեցնել:

Սակայն հանցանքն ավարտին չի հասցվել` Վիտալի Բալասանյանի կողմից ավտոմեքենայով հետադարձ մանեւրելու ընթացքում պայթուցիկ սարքի ընկնելու հետեւանքով:

Որտեղից սկսվեց ամեն ինչ

Բանն այն է, որ Արա Ավետյանը եղբորը` Սամվել Ավետյանին, մեկ այլ քրեական գործով պատասխանատվությունից ազատելու համար օգնության խնդրանքով դիմել է Վիտալի Բալասանյանին:

Վիտալի Բալասանյանն էլ Արա Ավետյանին ծանոթացրել է իր մտերիմ ընկերոջ` Երեւանում փաստաբանական գործունեությամբ զբաղվող Գեորգի Գյուլխանյանի հետ, որպեսզի վերջինս օգնի Ավետյանի եղբորը:

Գեորգի Գյուլխանյանը եւ Արա Ավետյանը հանդիպում են գործի հանգամանքները քննարկելու համար, եւ ըստ վերջինիս` Գեորգին ասում է:

«Շալվարս կհանեմ յուբկա կհագնեմ, եթե ես քո եղբորը դատարանի դահլիճից դուրս չհանեմ»: Արդյունքում, ըստ ամբաստանյալ Արա Ավետյանի` Գյուլխանյանն իր եղբորը ազատազրկումից ազատելու դիմաց պահանջում 1.200000 դրամ: Սակայն Գյուլխանյանն այդպես էլ չի կարողանում խոստումը կատարել եւ Արա Ավետյանը իրեն խաբված զգալով` փաստաբանից պահանջում է իր գումարը:

Արա Ավետյանը դատարանում հայտարարեց, որ երբ գումարի հետ վերադարձնելու պահանջով դիմում է Գեորգի Գյուլխանյանին, նա պատասխանում է, թե ինքն ամեն ինչ արել է անվճար եւ գումարային բոլոր հացերով թող նա դիմի Վիտալի Բալասանյանին :

Դատարանում դատավոր Անատոլի Թադեւոսյանը հարցրեց Վիտալի Բալասանյանին, թե այս ընթացքում ինքը կատարվածից ինչ եզրակացության է եկել, իսկ Վիտալի Բալասանյանն ասաց, որ այն, ինչ պատմում են մեղադրյալ տղաները, բոլորը հեքիաթներ են եւ տղաներընպատվեր են կատարել.

«Ինձ ցույց տվեք աշխարհում մի պրակտիկ օրինակ, երբ գումարի համար կարող են մարդ սպանել, այն էլ 700.000 դրամի համար: Մանավանդ, երբ ես այս տղաներին միշտ լավություն եմ արել»,-լշեց Բալասանյանը: Դատավորի հարցին` Վիտալի Բալասանյանն ունի՞ ապացույցներ, թե ովքեր կարող են կանգնած լինել իր նշած պատվերի հետեւում, Վիտալի Բալասանյանը պատասխանեց` առայժմ չունի:

Դատավորը Արա Ավետյանից հետաքրքրվեց, թե կա՞ն պատվիրատուներ, ինչին ի պատասխան, ամբաստանյալն ասաց.

«Այսօր ես դատարանում կխոստովանեմ, որ այդպիսի մարդ գոյություն ունի, ով ինձ դրդել է, որ ես ցանկանամ կատարել այս արարքը, դա Վիտալի Բալասանյանն է: Այլ որեւէ կազմակերպություն երկնքում, թե երկրում գոյություն չունի: Վիտալի Բալասանյանն իմ եղբոր ազատման գործում միջնորդ է եղել ու նրա մտերիմ ընկերն ինձանից 1.200000 դրամ գումար է ուզել, բազմաթիվ անգամ խնդրել եմ, որ գնանք Երեւան եւ իր ընկերոջն ասենք, որ գումարը տան, որովհետեւ նա ասում է, թե գումարային հարցերով դիմի Վիտոյին: Եկել խոսել եմ Վիտոյի հետ, ասել եմ` Վիտո ջան, բարոյական իրավունքներից զուրկ մոր տղա լինեմ, թե ես չեմ ուզում հասկանա , թե ինչու է քո ընկերը սլաքներն ուղղում քո դեմ: Բայց նրանց հանդիպացնելու իմ բազմաթիվ փորձերը չեն ստացվել»:

Դատարանում տուժող Վիտալի Բալասանյանն էլ ասաց , որ ինքն այդ ամենից հետո խոսել է Գյուլխանյանին հետ. «Ասացի, որ սա տհաճ խոսակցություն է, տղաները իրենց գումարն են ուզում, նա էլ ասաց` թող գան կոնկրետ քննարկենք: Ես Գյուլխանյանին ասացի, որ ես այդ ամենի հետ ինչ-որ կապ ունե՞մ, նա էլ ասաց, թե ոչ»: Դատարավոր Անատոլի Թադեւոսյանն ասաց, որ բազմիցս Գեորգի Գյուլխանյանին հրավիրել են դատարան, սակայն վերջինս առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան:

Չնայած ամբաստանյալ Արա Ավետյանը պահանջեց դատարանից վերջինիս բերման ենթարկել, սակայն դատարանը մերժեց ամբաստանյալի միջնորդությունը:

Ավելին` դատավորը ներկայացրեց Գյուլխանյանի ցուցմունքը, որտեղ նա ասում է, որ «ինքն Արա Ավետյանին ասել է, որ նա դիմի Վիտալի Բալասանյանին մի նպատակով, որ Վիտոն կարող է Արային բացատրել, թե ինքն ամեն ինչ արել է իր եղբորն օգնելու համար»:

Ամբաստանյալ Արա Ավետյանի հարազատները, կինը, մայրը դատարանում հայտարարեցին, որ չեն արդարացնում Արայի արարքը, սակայն բոլորը պետք է հասկանան, որ Արան խաբված լինելուց է գնացել այդ քայլին:

Նկատենք, որ ներկաներից շատերը դատական նիստը որակում էին որպես շոու: Երեկ դատարանում Վիտալի Բալասանյանի ներկայացուցիչ Ռաֆայել Մարտիրոսյանը նաեւ հայտարարություն տարածեց, որ արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ արված:

Քնար Մանուկյան




Լրահոս