
Բրիտանացի հանրահայտ երգիչ, երգահան և դաշնակահար Էլթոն Ջոնը այն մարդկանցից է, որ մշտապես հակասական կարծիքներ է առաջացնում իր անձի վերաբերյալ, սակայն հարկե նշել, որ ազդեցություն է թողել սոֆթ ռոքի զարգացման գործում։
Մարտի 25-ը երգչի ծննդյան օրն է, որի առթիվ ArmLur.am-ը ներկայացնում է վերջինիս կյանքից ուշագրավ դեպքեր։
Սկսենք նրանից, որ 1967 թվականից աշխատել է երգերի տեքստերի հեղինակ Բերնի Տոպինի հետ։ Նրանք համատեղ ստեղծել են ավելի քան 30 ալբոմ։ Մոտ կեսդարյա երաժշտական գործունեության ընթացքում Էլթոն Ջոնը վաճառել է ավելի քան 300 միլիոն ձայնասկավառակ, ինչը նրան դարձրել է ամենավաճառվող երաժշտական կատարողներից մեկը ողջ աշխարհում։ Ունի ավելի քան 40 հիթ սինգլների բրիտանական պաշտոնական հիթ-շքերթում և Billboard Hot 100-ում, այդ թվում՝ յոթը՝ Մեծ Բրիտանիայում և ինը՝ ԱՄՆ-ում, իսկ հաջորդական ալբոմներով գրավել է առաջին տեղը ԱՄՆ-ում։
Էլթոն Ջոնը հայտնի է նաև որպես հասարակական գործիչ, մասնավորապես՝ մեծ է նրա ներդրումը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարում։ 1992 թվականին նա հիմնադրել է «Էլթոն Ջոնի հիմնադրամը ՁԻԱՀ-ի դեմ պայքարում», իսկ մեկ տարի անց սկսել կազմակերպել ՁԻԱՀ-ի ֆոնդի ամենամյա երեկույթները։ Ստեղծման օրվանից հիմնադրամը հավաքել է ավելի քան 300 միլիոն ֆունտ ստերլինգ։
1976 թվականին Էլթոն Ջոնը հայտարարել է իր երկսեռական լինելու մասին, իսկ 1988 թվականից նա բացահայտ գեյ է։ 2005 թվականի դեկտեմբերի 21-ից երգիչը քաղաքացիական ամուսնության մեջ է Դևիդ Ֆերնիշի հետ․ նրանք ամուսնացել են այն բանից հետո, երբ 2014 թվականից միասեռական ամուսնություններն Անգլիայում և Ուելսում դարձել են օրինական։ 2019 թվականին Էլթոն Ջոնին հանձնելով Ֆրանսիայի բարձրագույն քաղաքացիական պարգևը՝ Պատվո լեգեոնի շքանշանը, նախագահ Էմանուել Մակրոնը նրան անվանել է «մեղեդու հանճար»՝ բարձր գնահատելով Ջոնի ջանքերը ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանության գործում։
Դե արդեն իսկ պարզ է, թե ինչու է Էլթոն Ջոնը հակասական կարծիքներ ձևավորել իր անձի շուրջ։ Շատերն անընդունելի են համարում միասեռականությունը և Էլթոնի դեպքում նաև անհամատեղելի են համարում վերջինիս արտակարգ ձայնային հատկություններն ու միասեռականությունը։
Նշենք, որ 2024 թվականին երգիչը անելանելի իրավիճակում է հայտնվել․ Հանրահայտ երաժիշտը պարտիտուր է գրել «Սատանան կրում է «Prada»» մյուզիքլի համար, սակայն չի կարողացել տեսնել մյուզիքլը՝ տեսողությունը կորցնելու պատճառով։ Չնայած նրան, որ Էլթոն Ջոնը չի կարողացել տեսնել մյուզիքլը, նա վայելել է ներկայացման ձայնային մասը։
Էլթոնը ոչ միայն հայտնի է այն հանգամանքով, որ միասեռական է, այլև՝ իր սկանդալային հայտարարություններով։
2019 թվականին երգիչը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ փոփ կուրք Մայքլ Ջեքսոնի մասին։ Էլթոն Ջոնը պատմել է, որ Ջեքսոնը «հրաշալի երեխա էր», բայց ինչ–որ պահի սկսեց կտրվել իրականությունից։ Նա Ջեքսոնին ճանաչել է 13-14 տարեկանից։ Էլթոն Ջոնը հոգեկան հիվանդ է անվանել Մայքլ Ջեքսոնին։ Ջոնը իր «Ես» ինքնակենսագրական գրքում պատմել է նաև մանկապղծության մեջ կասկածվող փոփ կուռքի մասին։
«Աստված գիտի` ինչ է կատարվել նրա գլխում և ինչ հաբեր է նա կուլ տվել։ Վերջին տարիներին յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մտածում էի, որ նա խելքը թռցրել է։ Նա իրականում հոգեկան հիվանդ էր», – գրել էր Էլթոն Ջոնը։
Մայքլ Ջեքսոնին բազմիցս մեղադրել են մանկապղծության մեջ։ Առաջին աղմկահարույց սկանդալը տեղի է ունեցել 1993թ–ին, երբ նրան մեղադրեցին 13–ամյա Ջորդան Չանդլերի նկատմամբ սեռական ոտնձգության համար։ Տղան երգչի երկրպագուն է եղել և հաճախ է հյուր գնացել նրա կալվածք` «Նեվերլենդ»։ Արդյունքում կողմերը համաձայնության են եկել և Չանդլերների ընտանիքը 22 միլիոն դոլար է ստացել։
Քչերին է հայտնի, բայց Էլթոն Ջոնը եղել է նաև Հայաստանում։ 018 թվականի մայիսի 26-ին Էլթոն Ջոնն իր ամուսնու՝ կանադացի կինոռեժիսոր Դևիդ Ֆերնիշի հետ այցելել է Հայաստան։ Նրանց այցը բարեգործական նպատակ էր հետապնդում։ Մայիսի 28-ին Էլթոն Ջոնն իր ինստագրամյան միկրոբլոգի էջում գրառում էր արել «այն սիրո մասին, որ զգացել է Հայաստանում»։ «Ատելությամբ լցված մեկը չի կարող կասեցնել այն ամբողջ սերը, որ զգացել ենք Հայաստանում»,-գրել էր լեգենդար երգիչը՝ տեղադրելով եռագույն սրտի պատկեր։
Էլթոնը մի շարք սաունդթրեքերի հեղինակ է, որոնցից են օրինակ՝ Friends (1971), The Lion King (1994), Aida (1998), The Muse (1999), The Road To El Dorado (2000), Billy Elliot (2005), Lestat (2005), Gnomeo and Juliet (2011), Rocketman (2019) և այլն։
Աննա Սրապիոնյան