«Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս. ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու դա հաստատ է»,-գրել է նա:
Մարտի 30-ին կայացած Գյումրիի ավագանու ընտրություններում առավելագույն ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 36.8 տոկոսով։ Ընտրական շեմը հաղթահարել են նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը (20.71%), «Մեր քաղաք» դաշինքը (15.85%), «Իմ հզոր համայնք» կուսակցությունը (7.94%) և «Մայր Հայաստան» դաշինքը (6.18%)։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքած ձայները բավարար չեն, որպեսզի կուսակցությունը միանձնյա կարողանա համայնքի ղեկավար ընտրել։ Անցողիկ շեմը հաղթահարած մյուս 4 ընդդիմադիր ուժերի ղեկավարները հայտարարել են, որ իշխող ուժի հետ որևէ դեպքում կոալիցիա չեն կազմի։ Եթե ընդդիմադիր 4 ուժերը միավորվեն, կկարողանան համայնքի ղեկավար ընտրել։
Ընդդիմադիր երկու ուժ՝ «Մայր Հայաստան» դաշինքն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունն արդեն իսկ հայտնել են Վարդան Ղուկասյանին սատարելու պատրաստակամության մասին, սակայն առանց «Մեր քաղաքը» դաշինքի աջակցության ավագանու մեծամասնություն ձևավորել չեն կարողանա։

























































































