Ցավում եմ, որ զայրույթս վերածել են սուր խոսքի, հայցում եմ դրանից վիրավորված արցախցիների ներողամտությունը․ Հանրային ռադիոյի տնօրենի կին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ափսոսում եմ, որ իմ մեկնաբանությունը ցավ և տհաճություն է պատճառել արցախցիներին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հանրային ռադիոյի տնօրենի կինը՝ Շուշան Ղազարյանը։

«Հարգելի ծանոթ և անծանոթ օգտատերեր.

Ափսոսում եմ, որ իմ մեկնաբանությունը ցավ և տհաճություն է պատճառել արցախցիներին: Ինձ ճանաչող արցախցիները լավ գիտեն, որ անհաշիվ անգամներ եմ եղել այդ աշխարհում որպես լրագրող և կյանքիս մեծ մասն եմ նվիրել այդ աշխարհին, երազելով նրա ազատությունն ու երջանկությունը, մի քանի տասնյամյակների ընթացքում մի քանի տասնյակ հարազատ ընկերներ և ընկերուհիներ եմ կորցրել՝ հայաստանցի և ղարաբաղցի:

Ցավում եմ, որ դառնությունս և զայրույթս վերաճել են սուր խոսքի, հայցում եմ դրանից վիրավորված արցախցիների ներողամտությունը:

Իհարկե, չի կարելի նեգատիվ խոսք հասցեագրել ամբողջ համայնքին, տուն և տեղ կորցրած, կարիքի մեջ հայտնված անմեղ փախստականներին: Բայց անկեղծ չեմ լինի, եթե չավելացնեմ, որ անկեղծ ատում եմ նրանց, որոնք թալանել են Արցախը և Հայաստանը, պարտության են հասցրել հայոց երկու աշխարհները և այսօր էլ քաղաքական դիվիդենտներ են հավաքում տնից կտրված, վտարված արցախցիների ողբերգության հաշվին:

Այդ սրիկաները, միևնույն է, պատասխան են տալու պատմության առաջ: Նրանց մեջ կան արցախցիներ, երևանցիներ, ապարանցիներ, ռուսահայեր՝ բոլորը: Նրանց մեջ կանք մենք, որովհետև եթե դաժան հետևանքները բոլորս ենք զգում, ուրեմն պատասխանատվությունն էլ բոլորս ենք կրում՝ ամեն մեկն իր արածի չափով: Նայեք հայելու մեջ, գուցե կտեսնեք շատերին, գուցե կտեսնեք ձեզ, ինձ, բոլորիս: Ինձ ճանաչող արցախցիները գիտեն իմ սերը նրանց հանդեպ, թե վիրավորել եմ՝ թող ներեն:

Եվ մի խնդրանք նրանց, որոնք ապաստանել են Հայաստանի պստիկ հանրապետությունում։ Չի կարելի կրկնել ոչ վաղ անցյալի սխալները, քանի որ այդ դեպքում ունեցած մայր երկիրն էլ փուռը կտանք և ամբողջ ազգով կդառնանք թշվառ աստանդական:

Համբերություն բոլորիս:

ՀԳ. Այս գրառման տակ դրվող մեկնաբանություններին չեմ արձագանքելու»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 1-ին, Հանրային ռադիոյի տնօրենի կինը վիրավորական մեկնաբանություն է արել արցախցիների մասին:




Լրահոս