Վարդան Ղուկասյանի բացառիկ հարցազրույցը՝ որդու` «օրենքով գող» դառնալու և այլնի մասին. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի նախկին քաղաքապետ, գործարար Վարդան Ղուկասյանի՝ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում անկեղծանում է, թե հանուն ում պատվի է կռիվների մեջ ներքաշվել, ինչու են «գեյերը» իրենից վախենում, հանուն ինչի կարող է ձեռք համբուրել, ինչու է ուսուցիչների տանը մնացել, ապտակով սնված տղան ինչով է տարբերվում, բանակում ինչու են իրենից վախեցել եւ ինչ «չեպեներով» է աչքի ընկել, արցախյան ազատամարտին ինչու իրեն դիրքեր չեն թողել, ինչու է «գժի թուղթ» ստացել, ինչպես է դպրոցական տարիքում 15 հազար ռուբլի վաստակել, միլիոնատեր դարձել, որն է եղել իր առաջին մեքենան, թաղի տղաներին ինչպես է բարիշացրել, ինչու է վրանի տակ մնացել, ինչու է փախցրել կնոջը, ինչու է արգելում աղջիկներին կարճ հագնել եւ մազերը կարճ կտրել, ինչ է իրականում մտածում որդու` Սպարտակի՝ «օրենքով գող» դառնալու մասին, ինչ է սերմանում թոռների մեջ, երբ է հավատքը ծնվել նրա մեջ, ինչեր է արել Սամվել Բալասանյանի համար, ովքեր եւ ինչի համար են իր դեմ մահափորձ կատարել, ինչպես է շատ երգիչներից լավ երգում, ինչ հագուստներով է քաղաքում հայտնի դարձել, ինչ է աղաչում բարձրյալ Աստծուն եւ ավելին:

-Պարոն Ղուկասյան, երբևիցե պատահե՞լ է, որ ձեր հիշողությունների հետեւից գնալով՝ հայտնվեք մանկության բակում: Ի՞նչ ընտանիքում եք մեծացել, ինչպիսի՞ պայմաններում: Ծնողներից ստացած ո՞ր խորհուրդն եք ձեր «ականջին օղ արել», որը հաճախ է օգնել, որ ձեր ոտքը քարին չդիպչի:

-Հիմա մենք գտնվում ենք մեր մանկության բակում, ինչպես տեսնում եք, կոլորիտն էլ եմ պահպանել: Սա նաեւ քաղաքի ամենաավանդապաշտ թաղերից մեկն է: Մենք շատ ենք սիրում մեր թաղը, ժողովրդին, բարբառը: Ծնվել եւ մեծացել եմ ավանդապաշտ հին գյումրեցիների ընտանիքում, որոնք եղել եւ ճարտարապետներ եւ ռանչպարներ: Պապերս թուրքական յաթաղանի ժամանակ մասնակցել են ազատագրական պայքարին, որոնցից մի քանիսը զոհվել են: Հայրենական պատերազմին էլ ունեցել ենք 6 զոհ: 6-րդ դպրոցը, Մանկավարժական ինստիտուտը կառուցողը եղել է իմ Հակոբ Ղուկասյան պապը: Ստադիոնի կառուցողը եւս պապս է եղել: Մի խոսքով՝ Ղուկասյանները ե՛ւ մեծահարուստներ, ե՛ւ ինտիլիգենտներ են եղել: Խորհրդային միության տարիներին էլ շատերին աքսորել են, բայց, փառք Աստծո, բռունցքված ազգ ենք եղել: Ավելին` շատ ավանդապաշտ ենք: Դեռ այն ժամանակներից մինչեւ մեծը սեղան չի նստել, փոքրերը սեղանին չեն մոտեցել: Փոքր եղբայրը միշտ հարգել է մեծին: Մինչեւ այսօր այդպես է: Օրինակ, փոքրը մեծի մոտ չի ծխում: Աղջիկները պետք է երկար մազեր ունենան եւ այլն: Հայրս միշտ ասում էր՝ տղա ջան, խեղճին երբեք բան չասեք, տեր եղեք, սատարեք: Ով ասում է, հասեք, օգնեք: Ազգը, երկիրը, փողոցը, թաղը սիրեք, հայոց լեզուն պաշտպանեք, որտեղ որ կլինեք:

Մայրս էլ ասում էր՝ զիջող, խոնարհ, համեստ եղեք, բալա ջան, ու սուտ չխոսեք, իրար սիրեք, բռունցքված եղեք: Մենք 4 եղբայրներ ենք: Բայց հորեղբորս տղաներն էլ մեզ համար հարազատ եղբոր պես են: Քույր չունենք, սակայն հորեղբորս աղջիկները մեզ համար քույր են: Աղջիկներն ավելի հոգատար են: Բայց մենք եղբայրներով այնքան հոգատար ենք, որ շատերը նախանձում են մեր եղբայրասիրությանը եւ տեր լինելուն: Մեր ամեն ինչը հավասար է:

-Մանկության տարիներից կա՞ մի իր կամ ցանկություն, որ շատ ցանկանալով հանդերձ՝ չեք ունեցել կամ չի իրականցել, բայց որ ձեզ ստիպել է ձգտել եւ հասնել նրան, որն այսօր ունեք: Կամ կա՞ մի իր, որից միայն դուք եք ունեցել եւ ժամանակին ձեզ լավ եք զգացել, ինչպես ասում են՝ «լոպազացել եք» ձեր շրջապատում:

-Ինձ համար էականը ոչ թե իրն է եղել, այլ թասիբը, նամուսը, պատիվը: Մշտապես մտածել ենք, որ ամեն ինչ թող ուրիշներին լինի, բայց ինքնասիրությունը՝ մերը: Իսկ, եթե պետք լինի, հանուն Աստվածային սիրո կարող ենք խոնարհվել, ձեռք համբուրել, միայն հանուն Աստվածային սիրո: Այդ սկզբունքով ապրում ենք եւ դաստիարակում մյուսներին:

-Այս հարցազրույցի շրջանակում հեղինակություն վայելող զրուցակիցներիս մեկը ասաց. «Հո Սասունցի Դավի՞թը չի եղել, որ չծեծվի եւ չծեծի»: Համոզված եմ, որ դուք էլ ձեր բակի, թաղի հանգիստ տղաներից չեք եղել: Ինչո՞վ էիք առանձնանում: Այդ տարիներին ինչի՞ շուրջ էին ձեր անհամաձայնությունները:

-Մեր ժամանակ ամենաշատ կռիվները թաղային կռիվներն էին: Այսինքն` թաղի, դպրոցի աղջկան բան չասեն, թաղի, քաղաքի, բանակի տղուն բան չասեն:

-Մասնակցել եք արցախյան ազատամարտին, բայց, ինչքան գիտեմ, դիրքերում չեք եղել: Ինչո՞վ է արտահայտվել ձեր մասնակցությունը:

-Ես ստեղծել եմ «Վասն հայրենյաց»-ը: Երբ սահմանը դատարկվում էր եւ այն պահող չկար, ես 500 հոգանոց գումարտակ եմ ստեղծել եւ ուղարկել ճակատ: Իմ անձնական գումարներից 150 հազար ռուբլի գումար եմ ներդրել եւ ամբողջ քաղաքի աշխույժներին, գումար ունեցողներին՝ քաղսովետի, դատախազության ներկայացուցիչներին, ռուսական բանակի այստեղի հրամանատարին եմ հավաքել, ասել՝ եկեք, առաջին զինվորը ես կլինեմ: Գնացել եմ, ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանին եւ նրա տեղակալ Մուրադին եմ տեսել, գումարտակը ստեղծել, ռուսական բանակից զենքեր եմ գնել, ամեն ինչ արել եմ: Շատ անգամ էլ գնացել, հասել եմ այնտեղ, չեն թողել՝ սահման հասնեմ: Ասում էին՝ զոհերը շատ են եւ հատկապես այդ օրերին արտաքին օգնությունը կազմակերպող մարդիկ են պետք:

– Պարո՛ն Ղուկասյան, ձեր անձի շուրջ շատ են խոսում: Չեմ բացառում, որ դրանց մի մասը լեգենդի է նմանվում, կան նաեւ բամբասանքներ: Բայց ասում են, թե «գժի թուղթ» ունեք: Ի՞նչ կասեք այդ առումով:

-Կա նման բան: Բանակում, ինչպես նշեցի, ես պահում էի մեր հայ տղերքի թասիբը եւ շատ աշխույժ էի: Ինձ ուզում էին տանեին Աֆղանստան: Իսկ շատ ակտիվներին առաջին գիծ էին տանում: Ճիշտն ասա,ծ ես էլ չէի ուզում գնայի, մարդ սպանեի մի հատ հարբած Բրեժնեվի համար: Հա, թուրքի դեմ գնանք, կռվենք, բայց այդ դեպքում ինչի՞ մարդ սպանենք: Շատ չմանրանամ.. հիվանդանոցից այդ թուղթը ստացա, բայց եկա այստեղ, հասկացան, որ ես նման մարդ չեմ եւ հանեցին այդ շարքից: Ազնվորեն ասում եմ:

-Իսկ ո՞րն է եղել ձեր առաջին աշխատանքը, ո՞ր տարիքում եւ ինչպե՞ս եք ծախսել առաջին աշխատավարձը: Հետաքրքիր է նաեւ, թե որ աշխատանքի արդյունքում միլիոնատեր դարձաք: Ասում են՝ եղածը պահպանելը ավելի դժվար է, քան ստեղծելը: Ի՞նչ կասեք այդ առումով:

-Առաջին հերթին, ես հոգեպես եմ միլիոնատեր: Փոքրուց` դպրոցական տարիներից, աշխատել եմ: Մինչեւ բանակ գնալս 15 հազար ռուբլի ուրիշի անունով բանկ էի գցել, քանի որ 18 տարիս լրացած չէր: Բանակ գնացի, արդեն 30 հազար ռուբլի գումար ունեի: Ինձանով մեքենա գնեցի:

 -Իսկ քաղաքում ինչպե՞ս հայտնի դարձաք՝ ձեր շուրջ հյուսված լեգենդներո՞վ, ձեր արկածային պատմություններո՞վ, «ռազբիրատներո՞վ», թե՞ … -Իմ հավատքով: Ես 1982 թ-ից հավատքի մեջ եմ. Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ: Մինչեւ քաղաքապետ լինելս վերակառուցել եմ երկրաշարժից փլված Սուրբ Նշան եկեղեցին: Այն ժամանակ մտքիս չկար էլ, որ քաղաքապետ դառնամ: Այգում Հովհաննես Շիրազի արձանն եմ կառուցել: Քաղաքում երկրաշարժից հետո պահպանված միակ այգին իմ եւ իմ ընտանիքի ջանքերի շնորհիվ է պահպանվել: Այնտեղ «պալատկա» ենք դրել, գիշերը քնել, որ այգին չկտրատվեր: Այդ այգում անշնորհքություն, խուլիգանություն չկա՝ ի շնորհիվ մեզ: Խորհրդային միության ժամանակ վախենում էին այգի մտնել, քանի որ թաղերի մեջ խնդիրներ կային: Բայց մեզ հաջողվեց ամեն ինչ հարթել: Այսօր, որ քաղաքում թաղ-թաղ իրար հետ չեն կռվում, 95 տոկոսով լուման իմն է, որովհետեւ ես եմ բարիշացրել եւ ընկերություն ստեղծել: Ասել եմ «Րիբյատա, դավայծե է ժիծ դռուժնը»: Դրանից լավը չկա: Կարելի է ներել, համերաշխությամբ հասկացնել, բացատրել, ոչ թե գլուխը ջարդել եւ այլն եւ այլն: Մի «բուռ» հայ ենք մնացել, իրար միս, որ կերանք, ու՞ր կհասնի:

-Զրուցակիցներիցս շատերը պատմել են, որ ամուսնացել են իրենց եղբոր, կնոջ քրոջ հետ կամ տարել են կնոջը՝ հարազատների հետ ծանոթացնելու, պարզվել է՝ իրենց բարեկամն է, փախցրել են: Դուք ի՞նչ հետաքրքիր պատմությամբ կհետաքրքրացնեք մեր շարքը:

-Իմ կնոջը փախցրել եմ: Բայց չեմ մանրանա: Զգացմունք կար, փախցրեցինք: Ունեցել ենք 5 երեխա: Չորսը կենդանի են, մի աղջիկս մահացել է: Թող Աստված ողորմա իր շիրմին: Շատ համերաշխ ընտանիք ենք՝ իրար սիրելով եւ հարգելով, հայկական, ավանդապաշտ:

-Խի՞ստ հայր եք, թե՞ ոչ, ինչո՞վ է արտահայտվում ձեր խստությունը, ի՞նչ արգելքներ եք դրել եւ դնում ձեր աղջիկների եւ տղայի առաջ: Կա՞ն բաներ, որ ձեր ընտանիքում «չգրված» օրենք է եւ որին ձեր տղան եւ աղջիկները պետք է ենթարկվեն:

-Ե՛վ շատ խիստ եմ, ե՛ւ շատ բարի: Որ ծնողը իր երեխային նկատմամբ շատ բարի է, նա իրեն «թույն է տալիս»: «Խրատի թանգարան» բացեք, կարդացեք, այնտեղ կա գրված: Ծեծել-մեծել չկա, բայց մի հատ որ նայում եմ, բոլորը զգաստանում են: Մեր տան մեջ «գրված է», որ աղջիկներն ու հարսները կարճ պետք է չհագնեն, մազերը պետք է երկար լինի: Պետք է հայկական՝ շնորհքով, ադաթով ապրեն: Մեծին պետք է լսեն, հարգեն, ոնց որ մեր մայրերն ու տատիկներն են եղել: Երեխաներս ինձ հետ բիզնեսով են զբաղվում: Երկու աղջիկներս ամուսնացած են: Մի աղջկաս վերջերս աշխատանքից ազատեցին, բայց նա անգործ չմնաց:

-Ասում են՝ ձեր որդին` Սպարտակը, «օրենքով գող» դառնալու նպատակ ունի: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին:

-Դա հիմարություն է: Ավազակներն են նման լուրեր տարածում: Նման բան չկա: Դա աբսուրդ է: Սպարտակն ինքնասեր, ազգ սիրող, իր քաղաքը, հայրենիքը, «ես»-ը սիրող մարդ է, ինչպիսին իր հայրն է: Բայց միաժամանակ «ես»-ին շատ չծառայող «մենք»-ին, «ընդհանուր»-ին ծառայող տղա է:

Շարունակությունը՝ այստեղ:




Լրահոս