Մասիսի բնակիչ Հարություն Դալլաքյանը armlur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն երկար ժամանակ է, որ իրեն և մի խումբ բնակիչների անհանգստացնում է քաղաքի կենտրոնական հատվածին զուգահեռ հոսող, այսպես ասած, բացօթյա կոյուղու խնդիրը, որի առնչությամբ դիմում են գրել քաղաքապետարան, սակայն ստացել են պատասխան այն բովանդակությամբ, որ գումարներ չկան և չեն կարող խնդիրը լուծել:
«Հատկապես ամռանն ուղղակի ահավոր է, իսկ եթե ավելի կոնկրետ, երբ եղանակները սկսում են տաքանալ, արդեն այդ «դուխու» հոտն իրեն զգացնել է տալիս»,- պարզաբանեց բնակիչը` հավելելով, որ կոյուղու ջրերը հոսում են դպրոցի տարածքով:
Սակայն միայն այս խնդիրը չէ, որ կա քաղաքում: Փողոցները մեծ մասամբ ասֆալտապատված ու լուսավորված չեն (միայն գլխավոր երկու փողոցներն են ասֆալտապատված), կա խմելու ջրի խնդիր, որի ուղղությամբ, թեև, լուծման քայլեր արվում են: Իսկ մինչ խնդիրն ամբողջությամբ կլուծվի, բնակիչները ջուր բերում են Նուբարաշենից:
Զրուցեցինք նաև Մասիսի քաղաքապետ Ալեքսանդր Հակոբյանի հետ: Վերջինս նախ ասաց, որ խոսքը ոչ թե կենտրոնական փողոցի մասին է, այլ՝ 4-րդ դպրոցի տարածքի, ապա հավելեց, որ բնակիչները կոյուղագծերը ուղղել են դեպի դրենաժ:
«Քանի որ դպրոցի տարածքով է հոսում, ընդունում եմ, կարող է, օգոստոս ամսին մի փոքր հոտ գա, բայց հիմա, հնարավոր չի, հոտ գա»,- պարզաբանեց քաղաքապետը` հավելելով, որ այդ հարցով քաղաքապետարանը չպետք է զբաղվի ջրահեռացմամբ ու դրենաժներով:
Անդրադառնալով բնակչի կողմից բարձրաձայնվող գրավոր դիմումին` Ալեքսանդր Հակոբյանի խոսքով` գրավոր դիմում ոչ ոք քաղաքապետարան չի գրել, միայն եղել են խոսակցություններ:
Ինչ վերաբերում է քաղաքի մյուս խնդիրներին` փողոցների ասֆալտապատված չլինելուն, խմելու ջուր չունենալուն, քաղաքապետն ասաց, որ բոլոր տեղերում կա նման խնդիր, բայց մենք պետք է հասկանանք, որ մեր պետությունը հնարավորություն ունենար, չէր թողնի, որ քաղաքացիներն իրենց բողոքը հայտնեին լրատվամիջոցներին:
-Պարո՛ն Հակոբյան, ամենամեծ խնդիրը Մասիս քաղաքում որն է, որ դրել եք ձեր առաջ և անելու եք ամեն ինչ` այն լուծելու:
-Ցրտահարությունից տուժած գյուղացիներին աջակցելն է: Օգնելու ենք տարբեր ձևերով: Ոչ միայն մենք ենք օգնելու, այլև պետությունն է ամբողջությամբ աջակցելու:
Սոնա Դավթյան