Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` Շիրակի մարզը գլխավորում է հանրապետության ամենաաղքատ մարզերի աղյուսակը: Այստեղ աղքատությունը կազմում է 47.2 տոկոս, այն դեպքում, երբ Հայաստանում միջին աղքատության ցուցանիշը 34 տոկոս է: Այս առումով ամենաբարվոք վիճակում Սյունիքի մարզն է, այստեղ աղքատության մակարդակը կազմում է 23 տոկոս:
Մինչդեռ Հայաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հրապարակավ կարեւորել են տարածքների համաչափ զարգացման ռազմավարությունը: Այդ խոստումը 2008-ին տվել էր նաեւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Իշխանությունների` մարզերի համաչափ զարգացման մասին հայտարարությունները փորձագետ Պարույր Գոմցյանի գնահատմամբ իրականության հետ կապ չունեն. «Եթե հանրապետության մեկ մարզում աղքատության մակարդակն ընդամենը 23 տոկոս է, իսկ մյուսում գրեթե կրկնակի, խոսել մարզերի համաչափ զարգացման մասին` ավելորդ է»:
Շիրակի մարզը գործազրկության բարձր մակարդակով եւս շարունակում է մնալ առաջին տեղում: Զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի խոսքերով` կենտրոնում գրանցված 9 հազար գործազուրկներից այս տարվա 10 ամիսների ընթացքում աշխատանքի է տեղավորվել ընդամենը 12 տոկոսը: «Ցավոք, մեր ամենակարեւոր ծրագիրը, որն այս տարի ընդհատվեց, վարձատրվող հասարակական աշխատանքն էր: Սա էլ զբաղվածություն էր` թեկուզ ժամանակավոր, բայց մարզում ինչ-որ խնդիրներ լուծում էինք»,-շեշտեց Ամալյա Ադամյանը:
Դեռեւս մի քանի տարի առաջ եւ պարբերաբար խոսվել է նաեւ այն մասին, որ հարկավոր է մի քանի նախարարություններ տեղափոխել մարզային բնակավայրեր` համաչափ զարգացում ապահովելու նպատակով: Սկզբում խոսվում էր մշակույթի նախարարության, ավելի ուշ քաղաքաշինության եւ զբոսաշրջության նախարարությունները Գյումրի բերելու մասին, սակայն ոչ մի գերատեսչություն այդպես էլ հանրապետության երկրորդ քաղաք չտեղափոխվեց:
Մասնագետները խնդրի լուծում են համարում տնտեսական ապակենտրոնացված քաղաքականություն վարելը` աշխուժացնել մարզային բնակավայրերը, զարկ տալ փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը եւ հնարավորություն ընձեռել առանց մայրաքաղաքից կախվածության, տեղում ապահովել զարգացման բնականոն ընթացքը: Իսկ ընտրությունները մոտենում են: Դատարկ խոստումների առումով դրանք անշուշտ, ինչպես միշտ, խոստումնալից կլինեն:
Գյումրի