Կիրակի օրը բոլոր քրիստոնյաները կնշեն Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը, որը ժողովրդի շրջանում հայտնի է նաև Զատիկ անունով։
Տոնն ամենագեղեցիկ, սպասված ու հրաշալի օրերից մեկն է, երբ ամեն քրիստոնյա, 40-օրյա պահքից դուրս գալով, նշում է այն։
Տոնն առավել հետաքրքիր ու գունեղ դարձնելու համար շատ ժամանակ տոնական սեղանները զարդարում են հետաքրքիր տարբերակներով։
ArmLur.am-ը ներկայացնում է որոշ հետաքրքիր տարբերակներ զատկական սեղանը զարդարելու համար։
Այս տարի բավականին հետաքրքիր և գեղեցիկ տարբերակ են առաջարկել տնտեսվարողները՝ զատկական խոտի՝ ածիկի ծայրերը ներկելով գարնանային գույներով։ Թվում է, թե այն ծաղկած է և սեղանին առավել հետաքրքիր տեսք է հաղորդում։
Քանի որ տոնը գարնանն է նշվում, իսկ գարունը ծաղկունքի, բերրիության և ջերմության սեզոնն է, ապա կարելի է նաև գարնանային շատ մոտիվներ ներառել սեղանի զարդարանքներում։ Օրինակ ածիկը կարելի է զարդարել արհեստական սնկերով։
Բնականաբար օրվա գլխավոր «զարդը» կարմիր ներկած հավկիթն է։ Շատերը նախընտրում են կարմիրի փոխարեն այն այլ գույներով ներկել, սակայն ընդունված է, որ օրվա հավկիթը պետք է կարմիր լինի։
Եթե նախընտրում եք այլ գույներ, ապա կարելի է օգտագործել վարդագույն, բաց մանուշակագույն, դեղին, կապույտ գույները։
Չշեղվելով գարնանային մոտիվներից պետք է նշենք նաև, որ սեղանները կարելի է զարդարել նաև բազմազան ծաղիկներով, խորհրդանշական ուռենու ճյուղերով, իսկ ածիկներով կարելի է շուրջբոլորը նույնպես զարդարել։ Ածիկները, երբ լինեն սեղանի շուրջբոլորը, դրանք կարելի է զարդարել փոքրիկ ճուտիկներով, արհեստական ձվիկներով։ Չնայած այն հանգամանքը, որ տոնը կապ չունի զատիկ միջատի հետ, այնուամենայնիվ կարելի է տոնական սեղանը զարդարել նաև փոքրիկ կպչուն զատիկներով։ Այն հետաքրքիր կնայվի գարնանային ցանկացած կոմպոզիցիայի հետ։
Հետաքրքիր տարբերակ է նաև ծառերի ճյուղերի զարդարումը արհեստական ձվիկներով։ Արհեստական ձվիկների վրա կարելի է ժապավեն փակցնել և դրանք ամրացնել տանը տեղադրված փոքրիկ ճյուղերի վրա։
Եթե այդ օրը տանը հյուրեր եք ունենալու, ապա կարող եք յուրաքանչյուրի համար նախատեսված ափսեի մեջ դնել փոքրիկ արհեստական ձվիկ՝ փայտե ձողիկի վրա ամրացված։ Կարելի է նաև ինչ-որ մաղթանք գրել թղթիկի վրա, վստահաբար այն ժպիտ կպարգևի ձեր հյուրերին։
Դե ինչ, զինվեք նոր մտքերով և տոնեք յուրաքանչյուր տոնը գեղեցիկ, հետաքրքիր և գույներով լի։
Աննա Սրապիոնյան





























