ՀՀԿ պատգամավոր Գարեգին Նուշիկյանի կարծիքով, տնտեսական քաղաքականության ձախողումներում չպետք է առանձին մեղավորների փնտրել. խնդիրները հարկավոր է լուծել միասնական ուժերով: Այս մասին պատգամավորն ասաց Armlur.am-ի հետ զրույցում` միաժամանակ հավելելով, որ մենք միասնական ուժերով հարցեր լուծելու խնդիր ունենք:
Հարցի՞ն` որոնք են իր կարծիքով տնտեսական ամենաակնառու խնդիրները` Գարեգին Նուշիկյանը պատասխանեց, որ ամենահրատապ հարցը եղել և մնում է արտագաղթը:
«Այս խնդրի շուրջ պետք է շատ լուրջ մոտեցումներ ցուցաբերել: Պետք է պարզել` ինչու են մարդիկ գնում երկրից և հարցին լուծում տալ: Ոմանք հեռանում են սոցիալ-տնտեսական, ոմանք իրավական դժվարությունների պատճառով, սակայն հիմնական պատճառը, կարծում եմ, սոցիալականն է»,- նշեց պատգամավորը:
Սոցիալական իրավիճակը շտկելու տարբերակներից մեկը, ըստ Գ. Նուշիկյանի, գյուղատնտեսությանը զարկ տալն է:
«Այս ոլորտում մենք մեծ պոտենցիալ ունենք և բոլոր ուժերը պետք է կենտրոնացնենք հենց գյուղատնտեսության ոլորտի վրա»,- ասաց նա:
Անի Ղազարյան