Armenian text to speach

Այսօր Րաֆֆի հիշատակի օրն է․ գրողի կյանքը, ստեղծագործություններն ու մտքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայ գրականությունն ինքնին հիասքանչ ու բազմաշերտ աշխարհ է, որտեղ արտահայտված են հայ ժողովրդի հոգևոր, ազգային և պատմական ինքնության ամենախորը շերտերը։

Հայ գրականությունը ոչ միայն պատմություն է, այլև՝ պայքար, վերապրում, սեր ու հավատ ապագայի հանդեպ։

Վերը նշվածի ապացուցողներից մեկը հայ գրականության գիգանտներից Հակոբ Մելիք-Հակոբյանն է՝ Րաֆֆին։

Այսօր գրողի հիշատակի օրն է, ինչի առթիվ ArmLur.am-ը ներկայացնում է գրողի կյանքի մասին հետաքրքիր փաստեր։

Հակոբ Մելիք-Հակոբյանը՝ Րաֆֆին ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հայրը՝ Մելիք Միրզան, հայտնի առևտրական էր և 13 զավակների հայր էր, ուներ նաև կալվածքներ։ Մելիքությունը նրանց ժառանգական իրավունքն էր, և նրանց վեհապահված էր գյուղերի կառավարումը։

Չնայած հարուստ ու ազնվական կյանքին՝ 1860-ականների վերջերին քայքայվել էր Մելիք-Հակոբյանների տնտեսությունը և գերդաստանը հասել էր սնանկության եզրին։ 70-ականների սկզբին Րաֆֆին հաճախ է եղել Թիֆլիսում, կապ հաստատել ազգային մտավորականության հետ՝ ձգտելով մտնել գրական-հասարակական գործունեության ասպարեզ։ Ընդունելով Գ. Արծրունու հրավերը՝ Րաֆֆին դարձել է «Մշակ»–ի գլխավոր աշխատակիցը և թերթի էջերում տպագրել իր գեղարվեստական պատկերները («Գեղեցիկ Վարդիկը», 1872, «Անբախտ Հռիփսիմեն», 1872, «Սով», 1872, «Մի օրավար հող», 1873, «Բիբի Շարաբանի», 1876 և այլն), հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները, որոնց նյութը պարսկահայ իրականությունն է՝ սոցիալական ու ազգային թշվառության ողբերգական հետևանքներով։

Րաֆֆու ավագ ընկերոջ՝ Ավագ Ավթանդիլյանի ընկերոջ հուշերից տեղեկանում ենք, որ Րաֆֆին մանկության օրերին հանդուգն էր ու սրամիտ։ Դպրոցից տուն վերադառնալով՝ նա երբեք հանգիստ չէր մնում: Բացի իր համար հատուկ մանկական խաղեր և զվարճություններ որոնելուց, նա ստիպում էր տատին ու մորը, որ շարունակ զրույցներ, առասպելներ և հեքիաթներ պատմեն,  ու ինքն էլ ուշադիր լսում էր: Րաֆֆին նկարչական ձիրք և ճաշակ ուներ: Նկարում էր մարդկանց պատկերներ, ծաղիկներ, քարտեզներ և այլն: Հատկապես սիրում էր հրացան գործածել և ձի հեծնել, որը սովորել էր հենց իրենց տանը: Սովորելու հարցում այնքան հաջողակ էր, որ թե ծնողներին և թե ուսուցչին զարմացնում էր: Րաֆֆին՝ որպես ուշիմ պատանի, սկսել էր հորը շատ հարցերում օգնել։ Ամբողջ ընտանիքի աչքը Րաֆֆու վրա էր՝ որպես հոր արժանավոր հաջորդի, իսկ հայրը՝ Մելիք-Միրզան էլ հաճախ ասում էր. «Իմ Հակոբի հատը ողջ Սալմաստում չկա»:

Իր ապագա կնոջը՝ Աննային Րաֆֆին հանդիպել է 31 տարեկանում։ Ուրմիայի դպրոցի ավարտական հանդեսի ժամանակ Րաֆֆին լսում է Աննայի երգը և որոշում, որ նա է լինելու իր կինը։

Ասորի քրիստոնյա քարոզչի դուստր էր Աննան։ Րաֆֆին պարզում է, որ աղջիկը նշանված է մի բժշկի հետ, բայց չի հուսահատվում, այցելում է Աննայի հորը։ Եվ երբ դուրս է գալիս տնից, Աննայի նշանածը մեծ քարով թիկունքից հարվածում է։ Րաֆֆին ուշաթափ ընկնում է։ Աննայի հայրը նրան տանում է տուն և խնամում։ Այդ ընթացքում Րաֆֆին հայտնում է իր մտադրության մասին և դրական պատասխան ստանում։

Աննան շատ շուտ է սովորում հայերեն խոսել և գրել։ Երբ Րաֆֆին մահանում է, նրա գրական ժառանգությունը հրատարակելու պատասխանատու գործը ստանձնում է Աննան։ Նա ամուսնու մասին նաև հուշեր է գրել, բայց մեզ հասել է միայն մի փոքրիկ հատված, որտեղ երևում է նրա անմնացորդ նվիրումը ամուսնու նկատմամբ։

Րաֆֆու հանրահայտ ստեղծագործություններն են՝ «Կայծերը», «Խաչագողի հիշատակարանը», «Սամվելը», «Խենթը», «Ջալլալեդին», «Սալբին», «Դավիթ Բեկը», «Ոսկե աքաղաղը» և այլն։

Հետաքրքիրն այն է, որ Րաֆֆին հանդես է եկել նաև Մելիքզադե, Անանուն, Մել և այլ կեղծանուններով։

Ինչպես հայտնի է, առաջ աղջիկների գրաճանաչ ու կրթված լինելը խրախուսելի չի եղել, սակայն Րաֆֆին ցանկանում էր, որ աղջիկները ևս կրթություն ստանալու հնարավորություն ունենան, սակայն թեկուզ և այդ մտքերի համար Րաֆֆին հալածանքների է ենթարկվել։ Հոգևորականները կաշառել են ավազակապետ Քարամին՝ պատվիրելով սպանել Րաֆֆուն։ Ավազակը գիշերով սողոսկել է Րաֆֆու աշխատասենյակ ու տեսել, որ նա, գրքերի մեջ խորասուզված, աշխատել է։ Հանցագործը հրաժարվել է իր մտադրությունից, օգնություն է առաջարկել Րաֆֆուն և խնդրում քաղաքից հեռանալ։ Րաֆֆին չի հեռանում՝ որոշելով շարունակել պայքարը խավարամտության դեմ։

Րաֆֆին վախճանվել է 1888 թվականի ապրիլի 25-ին և գրողի աճյունն ամփոփված է Թիֆլիսում՝ Խոջիվանքի հայկական գերեզմանոցում։

ArmLur.am-ը նաև ներկայացնում է Րաֆֆու հանրահայտ «Խենթը» գրքից մի քանի մեջբերումներ։

1․ Ինչու թողնել ընդհանուրը և մասնավորի ետևից ընկնել…

2․ Ամբոխը ուրիշ բան է, ամբոխի մեջ միտքը սպանել անհնարին է:

3․ Երբ Աստված պատուհաս է ուղարկում մարդկանց պատժելու համար, արդար երեխային մեղավոր ծերի հետ գերեզման է տանում, չարն ու բարի խառնվում են միմյանց հետ:

4․ Դևը, երբ սիրում է հրեշտակ է դառնում:

5․ Արդարությունը ծիծեռնակի կաթ է դարձել, ոչ մի տեղ չես գտնի:

Վերջում հավելենք, որ մայրաքաղաք Երևանում կա Րաֆֆու անվամբ փողոց ու դպրոց։

Սկբնաղբյուր՝ Հենք

Աննա Սրապիոնյան




Լրահոս