Սեյրան Օհանյանը տարաձայնությունները մի կողմ դնելու կոչ է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք բավական երկար աշխատեցինք` ձևավորելով մեր դաշինքը, մենք իրականացրեցինք մեր նախընտրական ամբողջ արշավը: Այս մասին նախընտրական քարոզարշավի ամփոփման մամուլի ասուլիսում նշեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանը:

Նրա խոսքով` պետք է բոլոր տիպի տարաձայնությունները մի կողմ դնելով` ժողովրդի առջև հանդես գալ. «Պետք է բոլոր տիպի տարաձայնությունները, անձնական նկրտումները մի կողմ դնենք, որովհետև վճռվում է մեր երկրի ապագան. մենք այս ճակատագրական պահին իրավունք չունենք բզկտված, տրոհված մեր ժողովրդի առջև հանդես գալու» :

Օհանյանի դիտարկմամբ` իրենց նպատակներն իրագործվել են:

Դաշինքի անդամ Վարդան Օսկանյանն էլ անդրադարձավ Հայաստանի դերին ` միջազգային կառույցներում:

«Երկիրն այս իրավիճակից հանելու ճանապարհներից մեկն էլ արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնել է: Դժբախտաբար այս տարիների ընթացքում այդ գործիքը ոչ միայն չի օգտագործվել, այլև ուրիշ նպատակների համար է օգտագործվել: Մեր սուվերեյնության աստիճանը նվազել է, աշխարհը մեզ լուրջ չի ընդունում, մենք մեր տերն ու դերը կորցրել ենք միջազգային թատերաբեմում. դա նվազեցրել է մեր դիվանագիտության արդյունավետությունը»,- նշեց նա:

Օսկանյանի խոսքով` այս տարիների ընթացքում գաղափարական հենք չենք ունեցել, արտաքին քաղաքականությունը ճոճվել է:

Դաշինքի մյուս անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ խոսեց արդար ընտրությունների մասին: «Այս դաշինքն ինքնատիպ է այն առումով, որ ի մի է բերում տարբեր հետագծներ ունեցող մարդկանց, տարբեր ոլորտների մասնագետների: Հայաստանում այս տարիների ընթացքում տեղի չի ունեցել իշխանափոխոխություն ազատ և արդար ընտրությունների միջոցով: Սա անհրաժեշտ է մեր երկրի համար, որովհետև այդ արդար վարքը կապ ունի թե մեր արտաքին քաղաքականության հետ, թե նորմալ կառավարում ունենալու հետ»:




Լրահոս