«ԻՄ ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Ա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային Ժողովում հերթական սկանդալն է գրանցվել: ԱԺ ապագա նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցչին խորհուրդ է տվել «լվացնել», իսկ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը` Շմայսն էլ «Ժառանգության» ներկայացուցչին հայվան է ասել:
Խորհրդարանում մթնոլորտն ավելի լարվեց այն ժամանակ, երբ հարց տալու համար հերթագրված «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի անունը երկու անգամ հնչեցնելուց եւ արձագանք չստանալուց հետո ԱԺ նախագահի պաշտոնակատար Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ պատգամավորը հանել է հարցը: Արմեն Մարտիրոսյանն այդ պահին բողոքեց` պահանջելով չզրկել իրեն հարց տալու իրավունքից: «Հանդուրժողականությունը պետք է փոխադարձ լինի: Երկու անգամ հնչեցրեցի Ձեր անունը, եւ որեւիցե ուշադրություն չկա: Միկրաֆոնը միացրած էր, գնա՛, ականջներդ լվացրա՛ էդ դեպքում»,-բղավեց ԱԺ նախագահի պաշտոնակատարը:
Այս «հաճելի» երկխոսությունից հետո խորհրդարանի ամբիոնին մոտեցած պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը  փորձեց ելույթ ունենալ, սակայն դահլիճում աղմուկ էր, եւ Սամվել Նիկոյանին չէր հաջողվում լռեցնել պատգամավորներին: Արմեն Մարտիրոսյանը դադարեցրեց ելույթը` սպասելով, որ գործընկերները լռեն: Այս քայլը հունից հանեց պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս): «Չեմ եկել, որ քո նման հայվանի ելույթը լսեմ»,-բղավեց նա` հայհոյանքներ տեղալով: «Հայվանը ինքդ էս, էդ ի՞նչ ձեւ ես խոսում»,-պատասխանեց բարկացած Արմեն Մարտիրոսյանը` Սամվել Նիկոյանին կոչ անելով կարգի հրավիրել գործընկերներին:
Երեկ «Ժողովուրդ»-ը զանգահարեց պատգամավոր Առաքել Մովսիսյանին` փորձելով պարզել, թե ինչու է վիրավորում իր գործընկերներին` «հայվան» կամ այլ վիրավորական բառեր հնչեցնելով:
-Տենց բան ա եղե՞լ, չեմ հիշում:
-Բայց արդեն տեսաձայնագրությունը տեղադրված է համացանցում` ինտերնետում:
-Էէէ, ջղայնացա, ի՞նչ անեմ: Հո մանկապարտեզ չի՞ ըտեղ:
-Ի՞նչն էր բարկացրել Ձեզ Արմեն Մարտիրոսյանի ելույթի մեջ:
-Իրան շատ ա բարձր պահում: Սպասում ա` սաղ սուս մնան, որ խոսա: Սաղիս էրեխու տեղ ա դրել: Դրա համար էլ ջղայնացել եմ:
-Բա հիմա չե՞ք մտածում, որ կարող է պրոբլեմներ ունենաք, Ձեզ կանչեն, նախատեն, թե` խելո՛ք մնա եւ այլն:
-Արդեն շատ ես խոսում, անցանք լա՞վ:
-Չե՞ն կանչել:
-Բեր անցնենք ուրիշ հարցերի, ես տենց բաներով չեմ զբաղվում:
-Ի՞նչ բաներով:
-Ո՞վ կանչի, ո՞նց կանչի, ի՞նչ անեն: Հենա  թող զապիսը վեկալեն, նայեն, ով ինչ կասի, թող ասի: Եթե նախագահն ինձ պիտի պատժի, թող պատժի, ոչինչ:
-Բայց ՀՀԿ ղեկավարն ասում է, որ պետք է խելոք լինեք, օրինակելի, որ ԱԺ-ն ամեն մարդու տեղ չէ, եւ Դուք այս ֆոնին հայհոյում ու հայվան եք ասում Ձեր գործընկերոջը:
-Ասեմ, որ իմ ինքնասիրությունը կյանքում ամեն ինչից թանկ ա: Եղա՞վ: Կարճ, կոնկրետ:
-Կոնկրետ Ձեր ինքնասիրությունն Արմեն Մարտիրոսյանն ինչո՞վ էր վիրավորել:
-Անցանք, վերջ: Արդեն ասի:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս