90-ական թվականներին Սեւանա լճում եղել է 30 հազար տոննա «Սիգ» ձուկ, հիմա` 170 տոննա: Ո՞նց է 30 հազարը դարձել 170: Երեկ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը հարց ուղղեց Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին, որը բացասական եզրակացություն էր ներկայացրել պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի` Հայաստան ներմուծվող ձկնկերի ու բեղմնավորված ձկնկիթի վրա զրոյական մաքսատուրք տարածելու օրենսդրական նախաձեռնությանը: Սուրեն Կարայանը առարկելու ոչինչ չուներ, բայց չհամաձայնեց, որ «Սիգի» վերացման պատճառը ներմուծման հարկն է: «Պատճա՞ռը.. որ բռնել-կերել են, սոված են եղել, այ քեզի բան»,-տեղից բացատրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: «Հիմա սոված չե՞ն»,-հարցրեց Գոհարիկ Ենոքյանը: Ապա Վարդան Բոստանջյանը առաջարկեց` «աբստրահարվել» ձկներից: Մանավանդ որ նախագծի համահեղինակ Արմեն Մարտիրոսյանը, որը փորձագետներից մեկի միջոցով խնդրել էր իրեն մեկ-երկու րոպե սպասել, շատ ուշացավ, ինչի արդյունքում էլ նախագծի վերջնական քննարկումը տեղափոխվեց երկուշաբթի: Տնտեսական հանձնաժողովի նիստերն առհասարակ շատ բուռն են անցնում, բայց երեկ բոլոր առումներով յուրահատուկ էր. նախագծերից յուրաքանչյուրի յուրաքանչյուր դրույթի հետ կապված, երբ քննարկվում էր որեւէ հնարավոր իրավիճակ, առատորեն օգտագործվում էին «էս տղա եք՞ բերում», «ընկերությունը պարտք ա, մեկ էլ գալիս ա էն համբալը», «եթե չեն կարում աշխատեն, թող վարի էթան» խիստ օրենսդիր արտահայտություններ: Բայց հաշվի առնելով, որ դրանց հեղինակների հիմնական մասն ասաց, որ աշխատանքային քննարկման ժամանակ չի նկատել լրագրողին, ուստիեւ մի քիչ ավելի ազատ է եղել իր արտահայտություններում, խնդրեց դրանք չգրել: Եւ դա է պատճառը, որ չենք կոնկրետացնում` ով ինչ ասաց: Իսկ բաց նիստի մասնակիցներից մեկն ասաց, որ ինքը թեեւ չի հրաժարվում ասածների քաղաքական բովանդակությունից, բայց խնդրում է ստորոգյալից հետո գործածած «ա»-երը գրավոր խոսքում դարձնել «է»: Նշենք նաեւ, որ քննարկման ժամանակ հնչեցին բավականին խորիմաստ հիշեցումներ. «Էս սեւ ագռա՞վ ես նստացնում բյուջեի վրա», կամ` «Բոստանջյան, տես չդառնա լոգիկայի մասին անեկդոտը», «էդ մաշնեքի մասին էլ ճիշտ ասաց»: Վեճը հերթական հարկային փաթեթի շուրջ էր: Հիմնական փոփոխությունն այն է, որ պետական բյուջեի նկատմամբ բոլոր պարտք ունեցողները հստակեցնեն իրավահարաբերությունները այդ պարտքի հետագա գանձման ուղղությամբ: Նախագծով պետությանը իրավունք է վերապահվում իր հանդեպ պարտքեր կուտակած տնտեսվարող սուբյեկտներին, որոնք չեն կարողանում կամ չեն ցանկանում վերադարձնել այն, բայց ունեն գույք, այն արգելադրել, 30 օրով սահմանափակել դրա վաճառքը, մտնել դատարան, դատական կարգով բռնագանձման ենթարկել, օրենքով հանել աճուրդի, վաճառել եւ մարել պարտքը: Բանավեճը այն մասին էր, թե ինչ պետք է անել, եթե տնտեսվարողը գույքը գնահատում է ենթադրենք 1 միլիարդ դրամ, սակայն ՊԵԿ-ը, որը գնահատողն է լինելու, այն գնահատում է 1 դրամ: Արմեն Ալավերդյանը բացատրեց, որ կալանք կդրվի ամբողջ գույքի վրա, որպեսզի հանկարծ չստացվի, որ այն տարածվում է միայն 56 թվականի տրակտորի վրա: Նույնիսկ մի «դաստիարակչական» ելույթ ունեցավ. որ միայն պարտքները հասել են 104 միլիարդ դրամի, որ տնտեսվարողները կամովին պարտքերը չեն վերադարձնում, որ առաջին իսկ հնարավորության դեպքում իրենց համար տասնյակ հազարավոր դոլարների արժողությամբ մեքենաներ են գնում: Գործարարներն այստեղ բազմանշանակ քմծիծաղեցին, բայց ոչինչ չասացին: Հրանտ Վարդանյանի որդին` ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը, աճուրդների մասով ի պատասխան հակադարձեց` թե տնտեսական ճգնաժամի պայմաններում ընկերությունների հիմնական մասն ի վիճակի չի լինի գնել աճուրդի հանված ապրանքը` շրջանառու միջոցների բացակայության պատճառով, իսկ «Կիլիկիայի» Հակոբ Հակոբյանն էլ Արմեն Ալավերդյանին հարցրեց` չգիտի՞ հայկական իրականությունը` որ աճուրդներին ոչ մի օտար մարդու չեն թողնում մոտենալ:Նաեւ վիճելի էր պարտավորությունների կատարման առումով այն կետը, ըստ որի, այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք տվյալ պահին չեն կարողանում իրենց պարտքը մարել, բայց այս մասին տեղեկացնում են ՊԵԿ ղեկավարին, կտրվի 2-6 ամսվա ժամկետով ժամանակացույց` պարտքն աստիճանաբար մարելու համար: Այն սահմանելուց առաջ, որպես պատրաստակամության նշան, տնտեսվարողը կմարի պարտքի 20 տոկոսը եւ այս դեպքում արգելանքը կհանվի: Ստանալով Արմեն Ալավերդյանի բանավոր խոստումը այն մասին, որ իրենց հիմնական առաջարկները կընդունվեն, հանձնաժողովի անդամները նախագծին «կողմ» քվեարկեցին: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ԱԳՌԱՎ Ե՞Ք ՆՍՏԵՑՆՈՒՄ ԲՅՈՒՋԵԻ ՎՐԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ