«ՀԱՄԵՍՏ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այն պատգամավորներից եւ քաղաքական գործիչներից է, որոնք ապրում են զգուշությամբ` աշխատելով երբեք աչքի չընկնել, երբեք չդառնալ հանրային ուշադրության կենտրոն: Հավանաբար, մարդն այսպես ապրելու բացատրությունն ու հիմնավորումն ունի, գուցեեւ սկզբունքներ` ի ցույց չդնել սեփական ունեցվածքն ու կարողությունները…
Ամեն տարի նախկին խորհրդային ղեկավարների նման մեկնում է ավանդական հանգստավայրեր` իր «կուրորտային» շրջանն անցկացնելով կովկասյան հանքային ջրերի շրջանում, Նոր տարին էլ դիմավորում է Գալուստ Գրիգորիչի ընկերակցությամբ` մերձերեւանյան որեւէ առողջարանում կամ հանգստյան տանը… Դե, Գալուստ Սահակյանի հետ բարեկամությունն արդեն վկայությունն է այն բանի, որ աղքատ մարդ չէ, բայց գիտե իր գումարները «նպատակային» ծախսել:
ՀՀԿ ամենաբազմափորձ եւ գիտակ պատգամավորներից է, սակայն նրան երբեք «առաջին պլան» չեն թողնում, որովհետեւ ինքն էլ առանձնակի մղումներ չունի: Այսպես լավ է. մարդն ապրում է իր միջին ցանկություններով եւ այդ ամենից գոհ է: Խորհրդարանից դուրս էլ որեւէ այլ պարտականություն չի կատարում, բացի, իհարկե, ՀՀԿ խորհրդի անդամի պարտականություններից, մերժում է իրեն դիմած գրեթե բոլոր ընտրողներին, կրծքով սատարում իշխանավորներին: Ժամանակ առաջ Մկրտիչ Մինասյանին էր դիմել մեր օրերի ճանաչված արվեստագետներից մեկը, բողոքել, որ մշակույթի նախարարը հալածանքներ է կազմակերպել իր դեմ, մարդուն զրկել են աշխատանքից, ապրելու հնարավորությունից լոկ այն բանի համար, որ հանդգնել էր բացահայտել մի շարք «գործարքներ»: Մկրտիչ Մինասյանը լսել էր ու հեռացել. դե նա քաղաքական գործիչ է, հո սովետի ժամանակների դեպուտա՞տ չէ, որ զբաղվի ընտրողների հարցերով… Ի վերջո, մի «թուղթ մրոտողի» համար հո չէ՞ր փչացնելու  հարաբերություններն իր նախկին շեֆ Ստեփան Պողոսյանի դստեր եւ նախագահի տիկնոջ մտերմագույն ընկերուհու հետ…
Մկրտիչ Մինասյանն իր հովանու տակ է առել նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, ում անգործությունը պարտակողներից եւ արդարացնողներից մեկն է: Իսկ նրանց երկուսի «գլխավոր հովանավորը» ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանն է:
Մինասյանն իսկական պրոլետարական ծագում ունի. ծնվել է Ախուրյանի շրջանի Արեւիկ գյուղում: Հայրն աշխատանքի հերոս էր, նշանավոր մարդ: Հենց հոր հորդորներով էլ ավարտել է Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը` ստանալով ճարտարագետ-էլեկտրամեխանիկի մասնագիտություն: Բանակում չի ծառայել, քանի որ հայրը հայրենի Ախուրյանում մեծ ազդեցություն ուներ եւ կարող էր որդուն մի պատրվակով ազատել ծառայությունից, մանավանդ այն որդուն, ով ուսման ողջ ընթացքում աշխատել է Երեւանի ՋԷԿ-ում` որպես փականագործ, վարպետ, ավագ ճարտարագետ, կուսկոմիտեի քարտուղար: Նման մարդկանց զավակները բարձրագույն կրթություն էին ստանում, որպեսզի «կուսակցական գծով» գնային, պաշտոններ ստանային: Մինասյանն էլ ունկնդիր է եղել հայրական պատգամներին: Ամեն կերպ կապեր հաստատելով Կարեն Դեմիրճյանի շրջապատի հետ` 1980-1987թթ. աշխատել է ՀԿԿ կենտկոմի արդյունաբերության բաժնի հրահանգիչ, ենթաբաժնի վարիչ, իսկ հետո էլ Կարեն Սերոբիչը ենթաբաժնի վարիչին նշանակել է ՀԿԿ Երեւանի Օրջոնիկիձեի շրջկոմի երկրորդ քարտուղար, 1988-1991թվականներին էլ, երբ  կոմկուսն արդեն հեղինակազրկվել էր, եւ գրեթե ոչ ոք չէր ձգտում ղեկավար պաշտոնների` նշանակվել է առաջին քարտուղար: Կողմնորոշվելով նոր քաղաքական իրավիճակում` 1991-1993թթ. եղել է Երեւանի Էրեբունու շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ:
Սովորաբար գործադիրում աշխատանքը համարվում էր պաշտոնի իջեցում, բայց Մկրտիչ Մինասյանը շրջահայաց մարդ էր եւ կարողանում էր ճիշտ որոշումներ կայացնել… 1993-1996թթ. եղել է նույն այդ շրջանի գործկոմի նախագահ:  1996թ.` մի կարճ ժամանակահատված, Երեւանի քաղաքապետարանի խորհրդային տարածքային բաժնի պետի պաշտոնում է աշխատել,  իսկ 1996-2002թթ. Երեւանի Նոր Նորքի թաղապետն էր: Վեց տարի ղեկավարելով մայրաքաղաքի ամենամեծ շրջանը` Մկրտիչ Մինասյանը «հաջողությամբ» իրականացրեց սեփականաշնորհման գործընթացները, կարողացավ իր մտերիմներին «գոհ թողնել» «վայրի սեփականաշնորհումից», հենց իր գիտությամբ էլ խլվեց «Նորք» թատրոն-ստուդիայի տարածքը` ահռելի շրջանը թողնելով առանց մշակութային օջախի: Նույն ճակատագրին արժանացավ նաեւ «Նոր Նորք» կինոթատրոնը: Կոմունիստական տարիների գործիչը երեւի չէր նկատում, որ իր աչքի առջեւ գրեթե փլուզվում էր երկրի ամենաերիտասարդ շրջանը, շենքերը մատնվում էին անտերության, բակերում ոչ մի աշխատանք չէր կատարվում, երկրորդական փողոցները թաղված էին մթի ու խորդուբորդությունների մեջ… Իհարկե, ասում են` Մկրտիչ Մինասյանը զբաղված էր Բագրեւանդ թաղամասով, որի ահռելի տարածքները սեփականաշնորհեց, իսկ հետո էլ սկսեց դրանք մաս-մաս վաճառել…
Բայց թե ինչու Մկրտիչ Մինասյանը չվերընտրվեց թաղապետի պաշտոնում, հայտնի են միայն կցկտուր տեղեկություններ: Իհարկե, նա ունեցավ «ահեղ մրցակից»` ի դեմս վաղամեռիկ Դավիթ Պետրոսյանի, ում թիկունքին կանգնած էր պատգամավոր հայրը, կանգնած էին իշխանությունները… Միայն նշենք, որ նորնորքցիները բնավ էլ դժգոհ չէին, որ հեռանում էր Մկրտիչ Մինասյանը: Նա էլ որոշեց «վրեժխնդիր» լինել «անաղուհաց» նորնորքցիներից եւ ընտրվեց պատգամավոր` արդեն իր բախտը սկսելով կապել Հանրապետականի հետ:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս