Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնագրավման շուրջ աննախադեպ աղմուկ բարձրացավ, և այս հարցի հետ կապված զարգացումները դեռ երկար ժամանակ կմնան համաշխարհային լրատվամիջոցների գլխավոր նորությունները:
Իսկ ահա այն մասին, որ Ռուսաստանը վաղուց արդեն բռնագրավել է Հայաստանը, ոչ ոք չի խոսել և չի խոսում: Իհարկե, Հայաստանի դեպքում մի ողջ երկրի գրավումը բլիցկրիգ չեղավ, ինչպես Ղրիմի դեպքում, սակայն Ռուսաստանը մեզ կուլ տվեց, ինչպես գայլը Կարմիր գլխարկի տատիկին, մարսեց և… շարունակեց նույն ոգով առաջ գնալ:
Ախորժակն, ինչպես հայտնի է, ուտելիս է բացվում: Հայաստանից հետո հերթը հասավ Վրաստանին, որի մի յուղոտ պատառն այսօր եթե ոչ «դե յուրե», «ապա դե ֆակտո», գտնվում է Ռուսաստանի ձեռքում, հետո հերթն հասավ Ղրիմին ու Սևաստոպոլին, իսկ այս պահին աշխատանքներ են տարվում Ուկրաինայի հարավարևելյան ևս մի քանի շրջաններ Ռուսաստանին կցելու ուղղությամբ:
Խորհրդային տարիներին շատ անեկդոտներ կային «Մոսկվայի երկար ձեռքի» մասին: Կյանքը ցույց տվեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ ձեռքը բոլորովին էլ չկարճացավ, և այսօր գնալով երկարում ու Աստված գիտի, թե էլ ո՞ւր պիտի հասնի:
Հանրահայտ ռուս գրող Ալեքսանդր Սոլժենիցինը 1990թ.-ին իր «Ինչպես կազմակերպենք Ռուսաստանը» աշխատությունում գրում էր բոլոր 12 խորհրդային հանրապետությունների՝ միմյանցից անջատվելու անհրաժեշտության մասին:
Դեմոկրատների ելցինյան Ռուսաստանը առաջնորդվում էր այն սկզբունքով, որ խորհրդային հանրապետությունների ավելորդ բեռից ազատվելով, բնական պաշարներով հարուստ իրենց երկիրը շատ ավելի լավ կապրի: Բայց ապրելու համար աշխատել էր պետք, և.. մի խոսքով չստացվեց: Այնպես որ պուտինյան Ռուսաստանում արդեն տրամաչափորեն հակառակ կարծիքն է գերիշխում, և Մոսկվայի կայսրական նկրտումները միանգամայն ակնհայտ են դառնում:
Նախկին «եղբայրական» հանրապետություններից ամենաթույլը և համապատասխանաբար ամենախոցելին Հայաստանն էր՝ դրա համար առկա օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Իսկ չարաբաստիկ աշխարհագրական գործոնը էլ ավելի նպատակահարմար և անխուսափելի էր դարձնում մեր երկրի շուտափույթ և համընդհանուր «ֆորպոստացումը»:
Այպես որ ռազմական ներկայությանը զուգահեռ սկսվեց Հայաստանի տնտեսության սեփականաշնորհումը …Ռուսաստանի կողմից, և կարճ ժամանակում «գույք պարտքի դիմաց» օպերացիայի արդյունքում հայաստանյան տնտեսության 80%-ը, այդ թվում բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներն ու օբյեկտները, հայտնվեցին «ռազմավարական գործընկերոջ» ձեռքում:
Դրան գումարվեց նաև աշխատանքի և ապրուստի միջոց գտնելու նպատակով մեր հայրենակիցների մասսայական արտահոսքը Ռուսաստան, հայրենի բյուջեի հետ համադրելի մասնավոր տրանսֆերտները, հայ գործարարի կախվածությունը ռուսաստանյան շուկայից, մեր առաջնորդների ռուսաստանյան բիզնեսները՝ և այսպես շարունակ:
Արդյունքում Ռուսաստանում կարողություն դիզած մեր պետական այրերը լիակատար կախվածության մեջ ընկան Մոսկվայից՝ այդ արատավոր կապը բացատրելով Ղարաբաղյան գործոնի առկայությամբ և ազգային շահով:
Արժանավույնս մատուցելով մեր իշխանություններին պետք է նշել, որ բավականին երկար ժամանակ նրանց հաջողվում էր մոլորեցնել միամիտներին Հայաստանի «կոմպլիմենտար» քաղաքականությամբ, իսկ Եվրոինտեգրումը արդեն հասել էր եթե ոչ «ամուսնության», ապա գոնե «նշանդրեքի» մակարդակին:
Սակայն «Ոսկե ձկնիկի» պառավի նման ավելին ու ավելին տենչացողՄոսկվան մեկ հարվածով վերջ տվեց նման խաղերին, և չար ճակատագրի նման Հայաստանին վրա հասավ անխուսափելի Մաքսային միությունը:
Զարմանալի է, թե որքա՞ն նման են այդ միության օգտին հնչող փաստարկները՝ «սովետի ժամանակ լավ էինք ապրում» պնդումներին:
Ասենք, «ռուսի ոտքն օրհնելը» մեզ համար արդեն ազգային ավանդույթ է դարձել: Համառորեն արհամարելով իրականությունը, այսօրվա Հայաստանը ինքնամոռաց տարվել է «ներքաղաքական քաշքշուկներ» կոչվող խաղերով, որոնցից ամենատարածվածներն են «իշխանություն-ընդդիմություն», «վարչապետի փոփոխություն» և «դեմ ենք» խաղերը:
Մինչդեռ Ռուսաստանի՝ «Հայաստանը՝ նոր Վասյուկի» խաղը մոտենում է իր տրամաբանական ավարտին, ինչին զարմանալի անտարբերությամբ հետևում է «ժողովրդավարություն» խաղացող Արևմուտքը:
Ռիտա Կարապետյան