Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը քիչ առաջ արդարացվեց: Դատարանը ճանաչեց Դ. Սանասարյանին անպարտ և արդարացրեց հանցակազմի բացակայության հիմքով: Նա մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Արդարացման դատավճիռը հրապարակվել է գործը մոտ 6 տարի դատարանում քննվելուց հետո:
Դավիթ Սանասարյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է․
«6 ու կես տարի անց ամենակարևոր ասելիքս է․
Շնորհակալություն ծնողներիս, երեխաներիս։ Նրանց շատ եմ լարված պահել պայքարիս ողջ ընթացքում»,- գրել էր նա։
Ըստ մեղադրանքի՝ Պետական վերահսկողական ծառայությունում պաշտոնների են նշանակվել պետական գնումների ընթացակարգերում մասնակցող անձինք, որոնք հետագայում ամենօրյա ռեժիմով զբաղվել են իրենց պատկանող ընկերությունների կառավարմամբ։ ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Սամվել Ադյանն, ըստ մեղադրանքի, միաժամանակ եղել է «Զորաշեն» ՍՊԸ-ի սեփականատերը, իսկ նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը զբաղվել է «Մեդէքսպերտ» ընկերության կառավարմամբ:
«Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները»,- նշված է մեղադրանքում:
Նշենք, որ Դավիթ Սանասարյանը չէր ընդունել մեղադրանքը և հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել:
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































