ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանի վրա հույս պետք չի դնել. ապացուցել է, որ մեր դաշնակիցը չէ. Դավիթ Սանասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է քաղաքական գործիչ Դավիթ Սանասարյանի հետ:

-Որքան Հայաստանի իշխանությունները, վարչապետը խոսում են խաղաղության մասին, այնքան Ադրբեջանն ավելի ագրեսիվ քաղաքականություն է վարում: Տեսնում ենք՝ ի՞նչ իրավիճակ է Արցախում, առաջխաղացման փորձեր է անում, նոր բարձունքներ է գրավում, կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ, ավելին ՝տեղեկություններ կան, որ Սյունիքում ևս առաջ են եկել՝ Տեղ գյուղի հատվածում: Ի՞նչպես կգնահատեք այս իրավիճակը, ի՞նչը կկանգնեցնի հակառակորդին, ի՞նչ ելքեր եք տեսնում:

-Եթե մենք անընդհատ խոսենք խաղաղությունից, բայց որևէ քայլ չձեռնարկենք, արտաքին քաղաքական փոփոխություններ չանենք, մենք չեն կարող լուրջ լուծումներ ակնկալել, իսկ խաղաղության մասին, առհասարակ, կարող ենք չմտածել: Ես կարծում եմ, որ պետք է շատ արագ վերանայենք մեր արտաքին քաղաքականությունը, մեր միջազգային գործընկերների հետ փորձենք գտնել այնպիսի լուծումներ, որոնք չեն լինի և-և տարբերակով: Այդպես չի լինում, քանի որ աշխարհը գնալով տարանջատվում է, սև-սպիտակի է բաժանվում: Պետք է հասկանանք, որ, ունենալով Ռուսաստանի նման դաշնակից, մենք գնալով բարդացնելու ենք մեր վիճակը: Թեև մեր այլընտրանքը մեծ չէ, բայց նման հնարավորություն վաղը չենք ունենալու, չենք կարող հույս դնել մի դաշնակցի վրա, որն արդեն տևական ժամանակ է՝ ցույց է տալիս, որ դաշնակից չէ: Նա հստակ իր շահերն ունի, ես չեմ ասում, որ պետք է անտեսի իր շահերը, բայց եթե դաշնակից ես, պետք է նաև դաշնակցիդ շահերը նկատի ունենաս: Այս պարագայում տեսնում ենք, որ շահերի համընկնում չկա:

-Այն, որ Ռուսաստանը պատշաճ չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, դա ակնհայտ է, իսկ մենք ի՞նչ ենք անում մեր անվտանգությունն ապահովելու համար, բավարար գնահատու՞մ եք իշխանությունների քայլերն այս ուղղությամբ:

-Եթե դու անկախ պետություն ես, ունես ինքնիշխանություն, ինքդ պետք է պատասխանատվություն կրես նաև ստեղծված իրավիճակի համար: Ես չեմ ասում՝ Ռուսաստանը պատասխանատու է մեզ համար, ես ասում եմ, որ մեր սխալ քայլերի արդյունքում տևական ժամանակ, մեր ինքնիշխանությունը քիչ-քիչ զիջել ենք Ռուսաստանին և արդյունքում ստացել ենք այս իրավիճակը: Մեր իշխանությունները պետք է հստակեցնեն իրենց քայլերը, այսօրվա աշխարհն ու երեկվանը տարբեր են, մենք պետք է որոշում կայացնենք՝ ի՞նչ ենք ուզում: Օրվա իշխանությունները դանդաղում են, իրենք մտածում են՝ ճկունություն են ցուցաբերում, բայց շատ վտանգավոր է դա: Մենք պետք է հստակ հասկանանք՝ունե՞նք դաշնակից, թե՞ ինչպես 44-օրյա պատերազմը ժամանակ, միայնակ ենք մնալու:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս