Մեկնարկել են Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը մասնակցել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 15-րդ հանրապետական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

Ա. Աշոտյանը, ողջունելով և հաջողություն մաղթելով մրցաշարի մասնակիցներին, բացման խոսքում նշել է, որ ուսանողական խաղերն արդեն դառնում են ավանդական. «Այս խաղերը միավորել են 3000 ուսանողի՝ 20 բուհից, ովքեր մրցելու են 11 մարզաձևերում: Շատ կարևոր է, որ մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է. բացի մայրաքաղաքային բուհերից, նաև մարզային բուհերն ու Արցախի պետական համալսարանն են մասնակցում: Ուսանողական մարզական խաղերը դարձել են առողջ ապրելակերպի խորհրդանիշ: Ձեր օրինակը պետք է լավ իմաստով վարակիչ լինի, որպեսզի առողջ ապրելակերպի մշակույթը դառնա նպատակ և կյանքի ավանդական կերպ բոլոր ուսանողների համար»,- դիմելով մասնակիցներին՝ նշել է Ա. Աշոտյանը:

Շեշտելով, որ Հայաստանի լավագույն ուսանող –մարզիկները տպավորիչ արդյունքներ են դրսևորել նաև միջազգային ասպարեզներում՝ Ա. Աշոտյանը վստահեցրել է, որ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է ապահովել բոլոր պայմանները, որպեսզի այդ հաջողությունները լինեն շարունակական:

Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:




Լրահոս