Ինչ ճակատագիր կունենա Հայաստանի երիտասարդական հիմնադրամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետագա գործունեության ճակատագիրը դեռեւս անորոշ է, հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ է` չի կայանում: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնադրամի մարզային կենտրոնները սպասողական վիճակում են. այս պահի դրությամբ նրանց ճակատագրերը անհայտ են:

ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնի համակարգող Արծրուն Դվոյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ իրենք, ինչպես մյուս մարզային կենտրոնները, սպասողական վիճակում են. «Դեռ չգիտենք` ինչ կլինի»: Նույն իրավիճակն է նաեւ Արարատի մարզային կենտրոնում: Համակարգող Անդրանիկ Եսայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ` նշելով, որ Հիմնադրամի մարզային կենտրոնի աշխատողները սպասում են հոգաբարձուների խորհրդի նիստին: «Դեռ հայտնի չէ, թե երբ այն կկայանա: Ուղղակի մարզի ուսանողների ուսման վարձերի խնդիրն է. իրենց ներկայացրած հայտերը ուղղորդում ենք կենտրոնական գրասենյակ»,- տեղեկացրեց Եսայանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ ուսման վարձերի հետ կապված փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչեւ մարտի 15-ը:

Նշենք, որ հոգաբարձուների խորհրդի նախագահն, ըստ Հիմնադրամի կանոնադրության, երկրի վարչապետն է:

Ըստ որոշ տեղեկությունների` հոգաբարձուների խորհուրդի նիստը ձգձգվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային խիստ գրաֆիկի պատճառով:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։ 




Լրահոս