ՀԱՆՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱԹՈՌԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ մայրաքաղաքում քննարկվում են ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների անունները, եւ նրանք փորձում են «դաբրո» պոկել համապատասխան մարդուց, մարզերում էլ ակտիվանում են տեղական ինքնակառավարման մարմիններում առաջադրվող թեկնածուները:
Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը, ով 2008թ. ՏԻՄ ընտրություններում պարտություն կրեց ՀՅԴ-ական Արթուր Աթայանից, արդեն տեղական լրատվամիջոցներով հայտարարել է, որ եկող տարի նորից կառաջադրի իր թեկնածությունը: Ի դեպ, Կարապետյանն օրերս նշանակվել է Սյունիքի մարզպետի խորհրդական:
ՏԻՄ կազմավորման տասնհինգամյակի միջոցառումների ժամանակ էլ գործող քաղաքապետ  Արթուր Աթայանն է լրագրողներին հայտարարել, որ կրկին ընտրվելու ցանկություն ունի: Իսկ սա նշանակում է, որ գնալով մեծանում է հակասությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրեն  Խաչատրյանի միջեւ:   
 2008թ. ընտրություններում Արթուր Աթայանին պաշտպանում էր Հակոբյանը, իսկ Արմեն Կարապետյանը Լիսկայի թեկնածուն էր: Ի դեպ,  նկատենք, որ ՏԻՄ տասնհինգամյակի առթիվ մարզկենտրոնի քաղաքապետը պարգեւատրեց նաեւ ավագանու անդամ Վլադիկ Առաքելյանին` Բդոյին: Վերջինս ավագանու նիստերից հաճախ է բացակայում, գրեթե չի մասնակցում համայնքի համար կարեւոր հարցերի քննարկմանը: Սակայն երբ Կապանի քաղաքապետն ու ավագանու այլ անդամներ պայքարում էին ուրանի ծրագրի դեմ, Վլադիկ Առաքելյանն ավագանու միակ անդամն էր, որ հավանություն տվեց ուրանի ծրագրին եւ դրական գնահատեց այդ նախաձեռնությունը: Առաքելյանն ունի նաեւ մեկ այլ առավելություն. նա ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի մտերիմ բարեկամն է, եւ չի բացառվում, որ Արթուր Աթայանը հենց այդ պատճառով է խրախուսել նրան:

Ա.Ա.
Կապան




Լրահոս