ԿՈՐԵԼ Է 200 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  հերթական անգամ ՀՀ կառավարության շենքի բակում տեղի ունեցավ  բողոքի ակցիա, որին մասնակցում էին «Բանակն իրականում» նախաձեռնությունը, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, Դալմայի այգու համար պայքարող բնապահպաններն ու հանուն պետական կարիքների իրենց բնակարանները կորցրած քաղաքացիները:
Զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը, երդվել է, որ եթե որդու սպանության գործով ճիշտ քննություն չիրականացվի, նա կպահանջի արտաշիրիմում: Զինվորի մոր խոսքով` արդեն 4 տարի է, ինչ ինքը փաստում է, որ իր որդին չի էլեկտրահարվել, ինչպես նշված է դատարանի որոշման մեջ: Նրա համոզմամբ` իր որդուն սպանել են: Ըստ Գ. Սարգսյանի` իրենց վարկածի մասին է վկայում նաեւ Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կողմից ուղարկված փորձագիտական եզրակացությունը, որում մասնավորապես ասվում է, որ իրենց մասնագետները, այցելելով ՀՀ ՊՆ զորամասեր, չեն կարողացել տեսնել դեպքի վայրում եղած R419 ռադիոռելեային կայանը: Նա  նշեց նաեւ, որ այս պահին ինքը սպասում է զինվորական դատախազի արձագանքին:
Ակցիայի ընթացքում իրենց բնակարանները տարիներ առաջ կորցրած քաղաքացիները  փորձեցին  համախմբվել մյուս մասնակիցների հետ, որպեսզի մուտք գործեն կառավարության շենք եւ նախարարներին ներկայացնեն իրենց խնդիրները: Սակայն կառավարության շենքի մոտ կանգնած ոստիկանները փակեցին շենքը` թույլ չտալով  նրանց  հասնել իրենց նպատակին:
 Երեւանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը,  մոտենալով ակցիայի ակտիվիստներին, փորձեց հանդարտեցնել իրավիճակը` նրանց հորդորելով, որ յուրաքանչյուր խնդրով նրանք դիմեն այն պատկան մարմիններին, որոնք կկարողանան պատասխանել վերջիններիս հարցերին:  
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկախ լրագրող Սոնիկ Մաղաքյանը նշեց, որ ցանկանում է հանրությանը տեղեկացնել Երեւանում պայթեցվելիք սոցիալական ռումբի մասին: «Մեր երկրում իրավապահների ֆիքսված սխեմայով կատարվել է բազմաբնակարանային շենքերի բազմակի վաճառք, որի հետեւանքով փողոցում  կհայտնվեն հազարավոր մեր հայրենակիցները: Կենտրոնական նոտարական գրասենյակի նոտար Ալվարդ Մելքումյանը նույն բնակարանի նկատմամբ վավերացրել է լավագույն դեպքում մի քանի, վատթարագույն դեպքում մոտ 20 նախնական առք ու վաճառքի պայմանագիր: Ամենակոպիտ ու չճշտված  հաշվարկներով`  կորած է մոտ 200 միլիոն դոլար: Այդ մասին տեղյակ են  նաեւ  իրավապահ մարմինները»,-ասաց նա` հավելելով, որ հանցագործության բեմում գտնվում է շինարար Գագիկ Պապոյանը: Լրագրողը համոզված է, որ վերջինս ընդամենը բեմի վրա է, իսկ կուլիսներում իրավապահներն  են: Նրա հետ հավասար բաժնետեր է Սիմոն Ղազարյանը, որը եղել է ՀՀ ՆԳ նախկին փոխնախարար Հովհաննես Վարյանի վարորդը:
Կառավարության նիստի ավարտից հետո «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, անդրադառնալով բնակարանները կորցրած քաղաքացիների պահանջներին, ասաց. «Մենք խնդիր ունենք օրենսդրության մեջ այն առումով, որ առք ու վաճառքի նախնական պայմանագրերի պարագայում նոտարը հաստատում էր միայն պայմանագրի ստացումը եւ չեր գրանցում կադաստրում: Դրա համար էլ առաջացել են նման խնդիրներ: Իմ` արդարադատության նախարար նշանակվելուց հետո փաստացի հետեւյալ վիճակն է. նոտարներին արգելվել է գրավ կատարելը եւ հանձնարարվել է, որ կառուցապատողը ներկայացնի այդ նախագիծը եւ յուրաքանչյուր դեպքում այդ նախնական պայմանագրի պարագայում կառուցապատողը պետք է նշի,  թե կոնկրետ որ բնակարանն է վաճառում: Օրենքի  նախագիծն  ուղարկել ենք կառավարություն` նշելով, որ այս պայմանագրերը եւս պետք է նոտարական վավերականացման ենթակա լինեն եւ կադաստրում պետք է գրանցվեն: Այդ ժամանակ կբացառվեն այն դեպքերը, որ մի բնակարանը վաճառվի մի քանի հոգու»: Նախարարի առաջարկած փոփոխություններն, իհարկե, ճիշտ են, սակայն դրանցից պարզ չի դառնում, թե ով պետք է պատասխան տա մինչ այդ արված խախտումների համար:

ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ




Լրահոս